Ազգային ժողովում այսօր սկսվեց ՀՀ կառավարության ծրագիրը հավանություն տալու հարցի քննարկումը։
Գործադիրի ծրագիրը ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նրա խոսքերով՝ ծրագիրը իրատեսական է և առաջարկում է հստակ լուծումներ․ «Այլ ճանապարհ չունենք քան պոպուլիզմից և կարծրատիպերից հրաժարվելը։ Ներդրողը մեկ օրում արդյունք չի տալիս, գյուղացին մեկ օրում արտահանող, ֆերմեր չի դառնում, կառավարիչը մեկ օրում ավելի էֆեկտիվ չի դառնում։ Թե ինչքանով ավելի արագ կհասնենք մեր նախանշված արդյունքներին, կախված է մեր աշխատանքներից ու հասարակության արձագանքից»,- ասաց է Կարեն Կարապետյանը։
Ըստ նրա՝ ներկայացվող ծրագիրն ապահովում է հիմքեր երկրի երկարաժամկետ և կայուն զարգացման համար․ «Ծրագրի նախապատրաստման ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել, եղել են բուռն բանավեճեր։ Այս ծրագրի հիմքում դրված է անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան ունենալու տեսլական»,- նշեց պարոն Կարապետյանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հենց երկրի անվտանգությանը․ «Մենք պետք է շարունակենք զարգացնել մեր ռազմական կարողությունները, մեր բանակի և զինվորի մարտունակությունն»,- հայտարարեց կառավարության ղեկավարը։
Անդրադառնալով գործադիրի ինստիտուտներին՝ նա ասաց, որ ծրագրով բարձրացնելու են դրանց հաշվետվողականությունը։ Խոսելով դատական համակարգից՝ հայտնեց․ «Մինչև 2017թ․ ավարտը վերամշակելու ենք և ձեր քննարկմանն ենք ներկայացնելու նոր Դատական օրենսգիրքը, որը ի թիվս այլոց սահամանելու է դատավորների անկախության նոր երաշխիքներ, վերանայելու է դատական քննության ընթացակարգը, ներդնելով ժամանակակից գործիքներ»։
«Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա։ Այս առումով մենք արդեն իսկ որոշ քայլեր ձեռնարկել ենք, ձևավորում ենք հակակոռուպցիոն միասնական մարմին, քրեականացրել ենք ապօրինի հարստացումը, ներդրում ենք ազդարարների համակարգը։ 2017թ․ մեզ համար լինելու է կառավարման համակարգի բարեփոխումների առանցքային տարի»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը։
Ի դեպ, այս վերջին բոլոր նախագծերը կյանքի են կոչվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ աշխատանքների արդյունքում՝ Եվորպական միության ֆինանսական օժանդակությամբ։