«Տպավորությունը դրական է»․ Պյոտր Սվիտալսկին՝ հակակոռուպցիոն փաթեթների վերաբերյալ

ԵՄ-ն տարբեր եղանակներով, մասնավորապես ֆինանսական օժանդակությամբ աջակցում է Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին․ «Մենք չենք կորցնում մեր հույսը լավատեսության հետ կապված։ Նույնիսկ եթե Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնահատականները շատ «սիրտ տվող» չեն, ես եկել եմ այստեղ մեր նախնական գնահատականն արտահայտելու այն օրենսդրական փաթեթի վերաբերյալ, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից։ Մասնավորապես, խոսքը գնում է հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման, Ազդարարների ինստիտուտի և իշխանավորների շրջանակի ընդլայնման մասին, որոնք հայտարարագիր կներակայցնեն»,- նշեց նա։

Դեսպանը նաև հիշատակեց, որ նախատեսվում է պրոֆեսիոնալ գնահատում իրականացնել փորձագետների կողմից, ինչը պարտադիր է ֆինանսական համաձայնագրերի շրջանակներում․ «Կան խնդիրներ, որոնք այստեղ կամ այնտեղ կարող ենք ունենալ, ընդհանուր առմամբ, տպավորությունը դրական է, նպաստավոր, սա շատ կարևոր քայլ է։ Կառավարությունը երեկ հայտարարեց նոր հակակոռուպցիոն ռազմավարության մասին, ինչը նույնպես ողջունելի է»,- ընդգծեց պարոն Սվիտալսկին։

Հիշեցնենք՝ հունիսի սկզբին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջապես ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ։ Այս նախագծերը մշակվել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներգրավմամբ, ինչպես նաև Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել