Այսօր կառավարության արահերթ նիստի միակ հարցը եղել է կառավարության ծրագրի հաստատումը: Այս ծրագրով պետական կառավարման համակարգը բարելավելու ուղղությամբ նախատեսվում է.
1. Պետական կառավարման համակարգի արդիականացման ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) ավելացնել վստահված ոլորտի արդյունավետ կառավարումն ապահովելու համար ՀՀ կառավարության անդամների պաշտոնական լիազորությունները և սահմանել դրան համարժեք պատասխանատվություն.
2) սահմանել բոլոր հանրապետական գործադիր մարմինների համար կատարողականի առանցքը և ըստ դրանց վարկանշել, սահմանել տարածքային կառավարման մարմինների գործունեության արդյունավետության գնահատման նոր կարգը.
3) վերհանել և վերացնել պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացի ներին և տնտեսավարող սուբյեկտներին նվազագույն կոռուպցիոն ռիսկեր պարունակող ծառայությունների մատուցման նպատակով ավելորդ ընթացակարգերը և օղակները, նվազագույնի հասցնել առօրյա կյանքում պետական կառավարման մարմինների հետ անհարկի շփումները.
4) ավելացնել պետական կառավարման մարմինների հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև կատարելագործել նրանց և քաղաքացիների ու տնտեսավարող սուբյեկտների միջև արդյունավետ հետադարձ կապը.
5) կրճատել պետական կառավարման համակարգի ծախսերը՝ հիմք ընդունելով իրականացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը.
6) հրաժարվել պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթներից.
7) ընդլայնել քաղաքացիներին և ներդրողներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին և տնտե- սավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների համակարգը՝ օգտագործելով գոյություն ունեցող հարթակները և, որպես ծառայություններ մատուցողներ, ներգրավել նաև մասնավոր սուբյեկտներին.
8) ներդնել հանրային ծառայողների մասնագիտական ունակությունների, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարման աստիճանի գնահատման կատարողականության նոր չափանիշներ՝ հիմք ընդունելով հանրային ծառայողի կերպարի արմատական վերափոխման հրամայականը։