Հայաստանում ԱՄՆ դեպսանատունը քիչ առաջ հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով վերջին օրերին անընդհատ քննարումների տեղիք տվող լաբորատորիների ստեղծման վերաբերյալ.
«Երեկ թերևս լրատվական թողարկումներից տեղեկացել եք, որ մենք հարցում ենք ստացել ՀՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների լաբորատորիաների մասին: Բազմաթիվ ասեկոսեներ են շրջանառվում, ուստի թափանցիկության ոգով մենք կցանկանայինք ներկայացնել փաստերը: Գիտենք, որ մերօրյա գլոբալ և փոխկապակցված աշխարհում հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում: Դա է պատճառը, որ մենք բոլորս պետք է համատեղենք մեր ջանքերը` թույլ չտալու կենսաբանական վտանգների տարածումը:
Նորագույն սարքավորումներով հագեցած և միջազգային ամենաբարձր ստանդարտներին բավարարող այս վերակառուցված և նորակառույց հաստատությունները, որտեղ ընթացքի մեջ են նաև լաբորատոր անձնակազմի ուսուցումները, կտրուկ մեծացրել են երկրում հիվանդությունների բռնկումները բացահայտելու, ախտորոշելու ու արձանագրելու կարողությունները: Այս աշխատանքները, որպես վտանգավոր ախտածինների դեմ պայքարի քայլեր, նպաստավոր են ոչ միայն Հայաստանի ապահովության համար, այլ նաև տարածաշրջանի, Միացյալ Նահանգների և ողջ աշխարհի համար:
ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Պաշտպանական վտանգի նվազեցման գործակալությունը (ՊՎՆԳ) ՀՀ կառավարության հետ գործակցում է 2000թ.-ից, երբ ստորագրվեց զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարելու մասին համաձայնագիրը: Կենսաբանական վտանգներին հակազդելու ոլորտում ՀՀ-ի հետ մենք գործակցել ենք 2010թ.-ից, երբ մեր կառավարությունները ստորագրեցին իրականացման համաձայնագիր կենսաբանական զենքերի մշակման նպատակով կիրառելի տեխնոլոգիաների, ախտածինների և փորձառության տարածումը կանխելու ոլորտում:
Լաբորատորիաները ՀՀ նախարարությունների հաշվեկշռում են և նախարարություններն ունեն այս կառույցները գործարկելու հրամաններ, արարողակարգեր և անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող տեղացի կադրեր: Այս հաստատությունները ռազմական նպատակներ չունեն և նրանցում չի աշխատում զինվորական անձնակազմ: ՊՎՆԳ-ը վերանորոգել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որը ծայրահեղ վատ պայմաններում էր և չէր համապատասխանում կենսաապահովության և կենսաանվտանգության կամ սեյսմիկ ստանդարտներին. այժմ այն համապատասխանում է այդ ստանդարտներին: Հարևանությամբ ՊՎՆԳ-ը կառուցել է Գյուղատնտեսության նախարարության կենտրոնական լաբորատորիան, քանի որ մեր հիմնական առաքելություններից մեկը Հայասանում առկա անվտանգության առումով մտահոգիչ բոլոր ախտածինները մեկ վայրում հավաքելն էր, որպեսզի մեծացվի կենսաանվտանգությունն ու կենսապահովությունն ախտածինների պահման վայրի շրջակայքում: Հուսով եք, որ այս տեղեկությունները վերջ կդնեն շրջանառվող ստահոդ պնդումներին:
Դիտեք նաև կարճ տեսանյութերը`
https://www.youtube.com/watch?v=wvWZbEQ3zOM
https://www.youtube.com/watch?v=XAnVio9SkI0»: