Կրճատումներ ՀՀ վերահսկիչ պալատում

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի պահանջներով, «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում թվով 14 գլխավոր մասնագետների հաստիքների կրճատմամբ պայմանավորված փոփոխություններ կատարելու առաջարկությամբ Վերահսկիչ պալատը դիմել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ:

Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 1անվանացանկում կատարվել են համապատասխան փոփոխություններ:

Այս մասին հաղորդում են Վերահսկիչ պալատից՝ հաղորդելով, որ քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձիք կգրանցվեն քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում:

Կրճատված աշխատակիցները վերջերս նամակով դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Գրասենյակից տեղեկանում ենք, որ համաձայն նամակի՝ Վերահսկիչ պալատում կրճատումներն իրականացվել են օրենքի դրույթների խախտմամբ:

Մասնավորապես, նշվում է, որ խախտվել է Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի այն դրույթը, համաձայն որի՝ «Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին»:

«Նամակի հեղինակների պնդմամբ՝ աշխատանքից ազատվել են նաև վերոնշյալ օրենքով պաշտպանված քաղաքացիներ, իսկ ՀՀ Վերահսկիչ պալատի կայքում կրճատումների վերաբերյալ 2017 թ. հունիսի 12-ին հրապարակված հայտարարությամբ չի մեկնաբանվում, թե ինչ սկզբունքով են իրականացվել կրճատումները և ինչու է նախապատվությունը տրվել այս կամ այն աշխատակցին: Հայտարարության մեջ հղում է կատարվում միայն ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 12.06.2017թ. Ν 486-Ա որոշմանը, որով Վերահսկիչ պալատի 14 գլխավոր մասնագետների հաստիքների կրճատմամբ պայմանավորված՝ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Նամակագիրները դժգոհում են, որ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը քաղծառայողների շահերը պաշտպանելու փոխարեն մասնակից է դարձել այդ գործընթացին, և ակնկալում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությունը՝ օրենքի խախտմամբ աշխատանքից ազատված քաղաքացիների իրավունքները վերականգնելու հարցում: Նամակում նշվում է նաև, որ կրճատված աշխատակիցները,  «հույսը դնելով օրենքի կողմից պաշտպանված լինելու վրա, վերցրել էին վարկեր, և հիմա շփոթված և հուսահատված չգիտեն ինչ անել»: Վերոնշյալ իրավիճակում հայտնված քաղաքացիներին կոչ ենք անում դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով»,- այս մասին ասվում է գրասենյակի հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել