ՀՀ ֆինանսների նախարարությունը օպտիմալացման հայտ է ստացել ՀՀ Նախագահի աշխատակազմից։ Նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարությանը զեկուցեց, որ ՀՀ Նախագահի 2017 թվականի մայիսի 18-ի կարգադրությամբ աշխատակազմի աշխատողների ընդհանուր թիվը փոխվել է, որի արդյունքում աշխատողների քանակը նվազել է 27 հաստիքային միավորով, ինչպես նաև կրճատվել է ծառայողական ավտոմեքենաների քանակը` 15 միավորով:
Միևնույն ժամանակ նախարարը հիշեցրեց, որ 2017 թվականի մարտի 23-ին կառավարությունը «Ազնավուր» հիմնադրամին գույք է նվիրաբերել, խոսքը գնում է ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Անտառային փողոցի N 11/4 հասցեում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի վերաբերյալ, որով պայմանավորված «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախահաշվում և հաստիքացուցակում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Վերը նշվածի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 50 մլն ՀՀ դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ:
Գ․Թ․