Կառավարության հունիսի 15-ի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է ԴՆԹ քարտադարաններ վարելու հնարավորություն ստեղծելուն: Հարցը ներկայացվելու է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Առաջարկվում է փոփոխություն կատարել «Ոստիկանության մասին» օրենքում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածում անհրաժեշտ է ամրագրել ոստիկանության` ԴՆԹ նույնականացման հաշվառումներ վարելու իրավունքը: Մատնադրոշմային հաշվառման համակարգը այլևս բավարար չէ ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց բացահայտման և նույնականացման համար, քանի որ նույնիսկ հասարակ ձեռնոց օգտագործելով հանցանք կատարած անձինք կարող են մատնահետք չթողնել, իսկ դիակներից միշտ չի լինում վերցնել մատնահետքեր, քանի որ շատ դեպքերում մաշկային հյուսվածքը կենսաբանորեն քայքայված է լինում: Մյուս կողմից մատնահետքերը վերանալու (մաքրվելու) հատկություն ունեն, ինչը օբյեկտիվորեն բացառում է հանցագործության դեպքի վայրերից դրանք վերցնելը: Այս պայմաններում էականորեն բարձրանում է կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ բնութագրերի դերն ու նշանակությունը:
«Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասրը, ոստիկանության կողմից մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության խախտման արգելքը ամրագրելու, ինչպես նաև օրենքում առկա ձևակերպումները ՀՀ նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության կողմից նախաձեռնվել են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքներ, որոնք ուղղված են լինելու ոստիկանության ծառայողների կողմից մարդու հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ հնարավոր ոչ իրավաչափ միջամտությունները բացառող առավել ամբողջական կարգավորումներին, ներկայացված նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են նշված իրավունքի պաշտպանությանն ուղղված զուտ հիմնարար սկզբունքների ամրագրմանը:
Նախագծով առաջարկվում է նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարել լրացում ` հնարավորություն ստեղծելով հաշվառել և վարել ԴՆԹ քարտադարաններ»,- նշված է հիմնավորման մեջ: