Երևանից «Զվարթնոց» օդանավակայան և հակառակը՝ յուրաքանչյուր ժամը մեկ 300 դրամ ուղևորավարձով

Երևան – «Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին նոր է, ուղևորները՝ դեռևս քիչ։

Երևանի Հանրապետության հրապարակից «Զվարթնոց» օդանավակայան ուղևորվող ավտոբուսն այսօր թերևս ամենաշատ ուղևորներ ունեցել է առավոտյան՝ 10։00-ին, դեպի օդանավակայան են ուղևորվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, աշխատակիցներն ու լրագրողները։

Դրանից հետո ուղորների պակաս է նկատվում, 13։00-ին՝ հերթական ուղևորահոսքին սպասում էր մեկ կին։ Նա մինչ այս տեղեկացել էր նախարարությունից նոր երթուղու մասին և ժամանել Հանրապետության հրապարակ։ Միակ ուղևորը գոհ էր նախաձեռնությունից, ասում էր՝ դրական է, երբ հստակ ժամով է ընթանում տրանսպորտը, առավել ևս երբ խոսքը գնում է օդանավակայան գնացող երթուղայինի մասին։

Նոր երթուղու ավտոբուսի վարորդը համաձայնեց՝ դեռևս ուղևորները քիչ են, ինչը տրամաբանական է, քանի որ ընդամենն այսօր է երթուղին գործարկվել։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ Երևան – «Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին ընդամենը երկու կանգառ է կատարելու՝ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» կանգառում և Կենտրոնական ավտոկայանի տարածքում:

Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։ Փոխանցում են նաև, որ երթուղին գործելու է յուրաքաչյուր կլոր ժամը մեկ՝ 24 ժամ անընդմեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել