«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը թարմացվել է։ Արդեն այսօրվանից գործում է համակարգի նորացված տարբերակը։
ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ տարեց տարի համակարգ մուտք գործող այցելուների թիվը 10 տոկոսով ավելանում է, ուստի բարձրացվել է «Դատալեքս»-ի արագագործությունը ու թողունակությունը, ավելացվել է նաև նոր մոդուլ, որը կոչվում է «Խելացի որոնում»։
Համակարգի դատական գործերի որոնման բաժնում կատարվել են արտաքին ձևավորման փոփոխություններ, բացի այդ նոր տեսք է ստացել յուրաքանչյուր գործի պատուհանը։
Ներդրվել է «Խելացի որոնում» նոր մոդուլը կամ բաժինը։ Այն ներկայումս աշխատում է միայն ՀՀ քրեական օրենսգրքով: ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդեցին, որ նախատեսում են ավելացնել նաև մյուս օրենսգրքերը, եթե համակարգն իրեն արդարացնի։ «Խելացի որոնում» բաժինը հնարավորություն է տալիս քրեական գործերը գտնել՝ ըստ հոդվածների կամ բանալի բառերի, ընդ որում՝ համակարգը առանձնացնում է նախադեպային որոշումները մյուս քրեական գործերից, այդ նպատակով գործի տողում առկա է կշեռքի նշանը։