Առաջին օդանավը փորձնական վայրէջք է կատարել Սյունիք օդանավակայանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան հաշվում գրել է ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը՝ տեղադրելով նաև տեսանյութ։
Մարզպետարանից տեղեկացրին, որ 2017 թվականի հունիսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը: Piper M500 օդանավի վայրէջքի պահին օդանավակայանում են գտնվել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև ուժային կառույցների մի շարք պատասխանատուներ։
Մարզպետ Վահե Հակոբյանը դարձել է մարզի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարած առաջին օդանավի առաջին ուղևորը: Փորձնական վայրէջքն իրականացվել է օդանավակայանի վիճակը գնահատելու, առկա թերությունները շտկելու նպատակով:
Նշվում է, որ Սյունիքի օդանավակայանը կանոնավոր թռիչքներ կսկսի իրականացնել համալիրի շինանրարական աշխատանքների վերջնական ավարտից հետո: