«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն այսօր ընդունվեց բացարձակ մեծամասնությամբ։
Այս նախագծի հեղինակներն են ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և կառավարությունը։
Մինչև քվեարկություն սկսելը Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՅԴ-ի և խորհրդարանական ընդդիմության կողմից առաջարկություն է եղել, որ մրցույթային խորհրդում հակակոռուպցիոն հանձնաժողովի կազմում առաջադրում ունեն նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, առաջարկն ընդունելի է համարվել, ձևակերպումն էլ արդեն իսկ կա։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք «նեգատիվ» չեն տրամադրված նախագծի հանդեպ․ «Ճիշտ է նախագիծը մեր պատկերացրածը չէ դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին ստեղծելու ուղղությամբ, բայց քայլ առաջ է»,- ասաց պարոն Փաշինյանը և հայտարարեց, որ «Ելք»-ը կողմ կքվեարկի։
Նկատենք, որ «Ելք» կուսակցությունների դաշինքն ի սկզբանե կողմ է եղել ունիվերսալ մոդելին, մինչդեռ խմբակցությունը կողմ քվեարկեց մեկ այլ մարմնին․ «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը կլուծարվի, և կստեղծվի անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին»,- նման դրույթ է ամրագրվել դաշինի նախընտրական ծրագրում:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտնեց, որ իրենք Արփինե Հովհաննիսյանի հետ ընդհանուր հայտարարի են եկել․ «Իհարկե մեր ակնկալիքներն ավելի մեծ էին, բայց այս պահին մենք հարգում ենք այդ կոնսենսուսը և «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի օրենսդրական նախաձեռնությանը»,- շեշտեց նա։
Առաջին ընթերցմամբ փաթեթին կողմ քվեարկեցին 87 պատգամավորներ, դեմ և ձեռնպահ պատգամավորներ չեն եղել։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ որոշ պատգամավորներ գործուղման մեջ են և այդ փաստող գրություններ են առկա։
Նշենք, որ փաթեթը մշակվել է քաղաքացիական հասարակության հետ։