Վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերով՝ անհրաժեշտ է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտների միասնական թվայնացված միջավայր։
Այս մասին այսօր գործադիրի ղեկավարը հայտարարեց կառավարության նիստի ընթացքում։ Նա նշեց․ «Արդեն իսկ որոշ գերատեսչություններ միջոցներ են ձեռնարկում այդ ուղղությամբ, սակայն հարկավոր է հարցին տալ համակարգային լուծում, հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ ըստ ոլորտների անհրաժեշտ թվայնացում իրականացնելու ուղղությունների և դրանց հիմնավորումների վերաբերյալ»,- այս տեղեկատվություն ստանալուն պես կառավարության աշխատակազմի ղեկավարը պետք է այն ամփոփի և ներկայացնի միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիր՝ հստակ ժամանակացույցով և պատասխանատուներով․ «Մենք բոլոր մեր կառավարման սուբյեկտները, բիզնես պրոցեսները պետք է թվայնացնենք, արդեն ունենք նման փորձ մի քանի գերատեսչություններում և ունենք էֆեկտները։ Թվայնացումը գնում է նրան, որ մեզ համար ցայտուն տեսանելի է, թե որտեղ ենք թերացել, որտեղ է անհամամասնություն։ Մեկ օր շուտ սա պետք է անել»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այս ցանկում պետք է ներառվեն նաև դպրոցներն ու մանկապարտեզները։