Գործադիրն այսօր հավանություն տվեց «ԱՅ ՔՈՆՍԹՐԱՔԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շինարարության ոլորտի ծրագրին։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել շինարարական ծրագիր, որը միտված է աշխատանքների և ծառայությունների արտահանման խթանմանը և դիվերսիֆիկացմանը:
Նախարարի փոխանցմամբ՝ այդ աշխատանքներն իրականացվելու են բացառապես ՀՀ տարածքից դուրս, ինչն էլ իր հերթին, նրա համոզմամբ, խթան կհանդիսանա ծառայությունների արտահանմանը։ Պարոն Կարայանը տեղեկացրեց, որ ընկերությունը նախատեսում է ստեղծել երեսուն նոր աշխատատեղեր։
Մեկ այլ նախագծով կառավարությունը բավարարեց «ԱՐՓԻՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
Պարոն Կարայանի տեղեկություններով՝ ընկերության հումքն օգտագործվելու է դեղագործության ոլորտում, նախատեսվում է իրականացնել 400 մլն ՀՀ դրամի ներդրումներ և ստեղծել 12 նոր աշխատատեղեր։