Իրանի խորհրդարանում և Իմամ Խոմեյնի դամբարանի մոտ այսօր երկու անգամ կրակոցներ են արձակվել: Խորհրդարանի անվտանգության աշխատակիցը վիրավորվել է. այս մասին տեղեկանում ենք «Մեհր» լարտավական գործակալությունից:
Երեք զինված տղամարդ այսօր առավոտյան մոտեցել են խորհրդարանի դարպասների մոտ աշխատանք իրականացնող անվտանգության աշխատակիցներին, կրակել նրանցից մեկի վրա և փախել:
Զինված տղամարդիկ մոտեցել են խորհրդարանի դարպասին առավոտյան ժամը 10:15-ի մոտ: Նրանց կրակոցների հետևանքով անվտանգության մի քանի աշխատակից վիրավորվել է: Դեռևս չկա որևէ տեղեկություն կրակոցների անձնական տվյալների վերաբերյալ:
Այս պահին մուտքը լրագրողների համար փակ է և բազմաթիվ իրավապահներ աշխատում են դեպքի վայրում՝ դեպքի հետաքննության ուղղությամբ:
Այսօր ևս մեկ դեպք է եղել Իմամ Խոմեյնի դամբարանի մոտ. զինված տղամարդը կրակ է բացել՝ վիրավորելով մի քանի մարդու:
Իսկ BBC-ին, հղում անելով «Թանսիմ» հեռուստաընկերությանը, նշում է, որ խորհրդարանի շենքում մի քանի զինված անձիք կան, հաղորդվում է նաև պատանդների մասին: Իսկ Reuters գործակալությունը նշում է, որ փոխհրաձգության հետևանքով մեկ հոգի սպանվել է, երեք հոգի վիրավոր է:
11:13
«Թանսիմ» հեռուստաընկերության կայքը գրում է, որ խորհրդարանի վրա հարձակումը եղել է երեք զինված տղամարդու կողմից, ովքեր այս պահին էլ խորհրդարանի շենքում են: Նրանցից երկուսը զինված են AK-47 ինքնաձիգներով, իսկ երրորդի ձեռքին ատրճանակ կա:
11:16
«Թանսիմ» հեռուստաընկերության կայքը գրում է, որ այսօր առավոտյան Թեհրանի Իմամ Խոմեյնի դամբարանի մոտ զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա: Նրա ինքնությունը և արարքի դրդապատճառը դեռևս պարզված չէ:
Կատարվածի հետևում կանգնած են մի քանի զինյալներ, որոնց հստակ թիվը դեռևս անհայտ է: Փոխհրաձգության ժամանակ զինյալներից մեկն ինքն իրեն պայթեցրել է, մյուսը սպանվել է ոստիկանութական ուժերի կողմից և մի քանի կին է ձերբակալվել: Ահաբեկիչները դամբարան մտել են արևմտյան դարպասից:
Ոստիկանների և ահաբեկիչների միջև փոխհրաձգությունը շարունակվում է:
12:45
«Թանսիմ» հեռուստաընկերության կայքը գրում է, որ խորհրդարանում գտնվող իրենց աղբյուրը պատմել է, որ ահաբեկիչների հարձակման հետևանքով 7 մարդ է սպանվել, միևնույն ժամանակ 4 մարդ պատանդ է վերցված խորհրդանի շենքի վերին հարկերում: Այս տեղեկությունը սակայն դեռևս պաշտոնապես հաստատված չէ:
Նշվում է նաև, որ խորհրդարանի ներսում 4 զինյալներից մեկը սպանվել է: Սակայն այս տեղեկությունը նույնպես չի հաստատվում պաշտոնապես:
Դեպի խորհրդարան տանող բոլոր ճանապարհները փակված են:
13:00
Քիչ առաջ պայթյուն է եղել խորհրդարանի շենքի 5-րդ հարկում: Դիպուկահարները շրջափակել են ամբողջ խորհրդարանը:
14:10
Իրանի Ազգային անվտանգության փոխնախարար Հոսեյին Զոլֆաքարին հեռուստաընկերություններին կեսօրին հայտնել է, որ ահաբեկիչների կողմից հարձակման հետևանքով 2 մարդ է սպանվել և 30-ից ավելի մարդ վիրավորվել է:
Պաշտոնյաների խոսքով, ահաբեկիչները խորհրդարան են մտել կանացի հագուստով:
14: 40
«Թանսիմ»-ը հրապարակել է սպանված ահաբեկչի լուսանկարը:
15:40
«Թանսիմի»-ի փոխանցմամբ, ոստիկանությունը հայտնել է, որ խորհրդարանի շենքի պաշարումն ավարտվել է չորս ահաբեկիչների սպանությամբ:
16:45
12 հոգի մահացել և 42 հոգի վիրավորվել Թեհրանում տեղի ունեցած երկու ահաբեկչական գործողությունների հետևանքով. այս մասին հայտնել է Իրանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավար Փիրհոսեյին Կուլիվանդը: