Դատավոր Աղվան Պետրոսյանի գույքն ու եկամուտները

Այսօր գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ արդարադատության խորհուրդը բավարարել է միջնորդությունը՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին կալանավորելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:

2007 թվականի նոյեմբերի 30-ից Աղվան Պետրոսյանը զբաղեցրել է դատարանի նախագահի պաշտոնը:

2011 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի համաձայն, նա ունեցել է 30 միլիոն դրամ խնայողություն և 6 միլիոն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից:

2012-ի սկզբին անհասկանալի պայմաններում նրա խնայողությունները մեկ զրոյով պակասել են և 30 միլիոնի փոխարեն դարձել 3 միլիոն: Իսկ ահա տարեվերջին այդ խնայողությունների չափը նշված է 2.8 միլիոն դրամ: Իսկ եկամուտն այս տարի եղել է 8 միլիոն դրամ՝ նորից ստացված աշխատավարձից:

2013-ին խնայողությունները չեն ավելացել, իսկ եկամուտը կազմել է 9.5 միլիոն դրամ:

2014-ի սկզբին նորից անհասկանալի պայմաններում դատավորի խնայողությունները մեկ զրոյով ավելացել են՝ 2.8 միլիոնի փոխարեն 28 միլիոն են դարձել: Իսկ տարեվերջին կազմել են 23 միլիոն դրամ: Եկամուտը կազմել է 8 միլիոն դրամ:

2015 թվականի վերջին Աղվան Պետրոսյանի խնայողությունները կտրուկ նվազել են՝ 23 միլիոնից դառնալով 4.9 միլիոն դրամ: Եկամուտը կազմել է 8 միլիոն դրամ:

2016 թվականին դատավոր դրամական կարողությունները նորից ավելացել են և կազմել 8.1 միլիոն դրամ: Իսկ աշխատավարձից ստացված եկամուտը եղել է շուրջ 10 միլիոն դրամ:

Անհասկանալի է՝ դատավորը դրամական կարողությունները հայտարարագրելիս միտումնավոր է 1 զրո ավել/պակաս նշել, թե՝ սխալմունքի արդյունք է:

Նրա կինը՝ Լիլիթ Պետրոսյանը, 2011-ին ոչինչ չի հայտարարագրել: 2012-ին հայտարարագրել է աշխատավարձից ստացված շուրջ 700 հազար դրամ եկամուտ: 2013-ին նրա եկամուտը աճել է մինչև 1.4 միլիոն դրամ:

2014 թվականին սակայն բավականին համեստ եկամուտներ ունեցող Լիլիթ Պետրոսյանը ձեռք է բերել միանգամից երկու թանկարժեք գույք՝ 10 միլիոն դրամ արժողությամբ բնակարան՝ բազմաբնակարն շենքում և 30 միլիոն դրամ արժողությամբ հողամաս: Եվ պարզվում է, որ այս նույն տարվա ընթացքում նա նվիրատվություն է ստացել 10 միլիոն և 30 միլիոն դրամ: Ենթադրվում է, որ նվիրատվությամբ ստացված այս գումարներով էլ նա ձեռք է բերել համապատասխանաբար նույն արժողության բնակարանն ու հողամասը:

Ի դեպ, 2014-ին աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 1.3 միլիոն դրամ:

2015 թվականին դատավորի կնոջ աշխատավարձից ստացվող եկամուտը ավելացել է՝ 4.8 միլիոն դրամ: Իսկ խնայողությունները կազմել են 300 հազար դրամ: 2016-ին աշխատավարձից ստացվող եկամուտը կրկին նվազել է 1.8 միլիոն դրամ, իսկ խնայողությունները կազմել են 600 հազար դրամ:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել