Ձեռնարկատիրական կրթության զարգացումը ժամանակի հրամայական է․ Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի մասնակիորեն վերանորոգված մարզադահլիճի բացման արարողությանը, որն իրականացրել է աշակերտական հասարակական կազմակերպությունը /ԱՀԿ/: Աշակերտական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ ԿԳ նախարարության և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության միջև կնքված հուշագրի շրջանակում՝ դպրոցներում ներդրված «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրով:

ԿԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով նախաձեռնության մասնակից դպրոցականներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ոգևորությամբ է ընդունել դպրոցականների կողմից մարզադպրոցի նորոգման աշխատանքները դիտելու հրավերը. «Հետևողական աշխատանքը տվել է արդյունք, որն այսօր, որպես արդյունավետ փորձ կարող ենք փոխանցել մեր բոլոր դպրոցներին: Ձեռնարկատիրական կրթության զարգացումը ժամանակի հրամայական է և մենք կարևորում ենք դպրոցականների հետաքրքրության խթանում ֆինանսական կրթության նկատմամբ: Այդ ծրագրի գլխավոր խնդիրը՝ նպատակին հասնելու համար արդյունավետ միջոցներ գտնելն է: Դուք նոր եք կյանք մտնում և կուզեի, որ հիշեք մի շատ կարևոր ճշմարտություն՝ դրամն, ինքնին չի կարող դիտվել որպես նպատակ, նպատակների հիմքում միշտ դրվում են ավելի բարձր արժեքներ, որոնք հետագայում փոխում են միջավայրը՝ բարելավելով ձեր ու ձեր շրջապատում գտնվողների կյանքը»,- նշել է ԿԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի նախաձեռնողներին:

Նշվում է, որ Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչը տարրական և հիմնական դպրոցում իրականացվում է, որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ, իսկ ավագ դպրոցում՝ որպես հատուկ դասընթաց տեսական և գործնական բաժիններով: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ներկայումս հանրապետության ավելի քան 150 դպրոցում իրականացնում է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրը, որի նպատակն է երիտասարդների շրջանում հավատ սերմանել սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ:

Ծրագիրը ֆինանսավորվում է JHM բարեգործական հիմնադրամի և HSBC բանկի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել