Կաշառք պահանջող պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան

Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ասատրյանը դատապարտյալ Ալեն Մանուկյանից կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել:

Այսպես, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Է. Ասատրյանը,  Հրազդան ՔԿՀ-ում ծառայություն իրականացնելիս, 29.01.2017թ.-ին դատապարտյալ Ա. Մանուկյանի մոտ հայտնաբերել է iPhone 6s տեսակի բջջային հեռախոս, որը չառգրավելու և հիմնարկի ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար  նրանից կաշառք է պահանջել: Սակայն Ա. Մանուկյանը չի կատարել ՔԿՀ աշխատակցի անօրինական պահանջը և հաջորդ օրն իր հարազատների միջոցով հեռախոսը դուրս է ուղարկել ՔԿ հիմնարկից: Պահանջած գումարը չստանալով և դատապարտյալից տեղեկանալով, որ հիշյալ հեռախոսը քրեակատարողական հիմնարկից դուրս է բերվել, Է. Ասատրյանը, նրանից վրեժխնդիր լինելու անձնական դրդումով, պաշտոնեական կեղծիք է կատարել. իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով փորձել է խոչընդոտել դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հրազդան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Է. Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ  քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել