Նոր նախագիծ, որը կնպաստի պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների օգտագործման արդյունավետության բարձրացմանը

Կառավարությունն այսօր փոփոխություն կատարեց «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին»  որոշման մեջ։

Գործադիրը սահմանեց, որ ՀՀ պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների հատկացման պայմանագրի կնքումից հետո 3-օրյա ժամկետում պայմանագիր կնքած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կազմակերպության կողմից դրամաշնորհ ստանալու համար ներկայացված ծրագիրը հրապարակվում են դրամաշնորհ տրամադրած պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում:

Ըստ նոր որոշման՝ կազմակերպությունը, որի հետ կնքվել է դրամաշնորհի հատկացման պայմանագիր, պայմանագրով նախատեսված ժամկետներում դրամաշնորհ տրամադրած  պետական մարմնին ներկայացնում է ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվություն, որը պետական մարմնի կողմից ընդունվելուց հետո 3-օրյա ժամկետում հրապարակվում է դրամաշնորհ տրամադրած պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում բացառությամբ անձի եկամուտներին վերաբերող դրամաշնորհային պայմանագրերի:

Նշենք, որ ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված չեն լիազոր մարմնի կողմից դրամաշնորհի տրամադրման, ինչպես նաև մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, ինչպես նաև  հաշվետվությունների ներկայացման և լիազոր մարմնի կողմից այդ հաշվետվությունների հրապարակման ընթացակարգերը:

Այս նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների օգտագործման արդյունավետության բարձրացման, դրամաշնորհների տրամադրման ընթացակարգերի և դրամաշնորհներով իրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, դրամաշնորհների հասցեականության, ոլորտի հաշվետվողականության և թափանցիկության ապահովման անհրաժեշտությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել