Մայիսի 26-ին տեղեկացրել ենք, որ Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը և լուսանկարները՝ վերցրված Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից․
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում՝ Մարինա Թաշչյանի և Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, ով 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր, մահացել է 33 տարեկան հասակում՝ գլխուղեղի ուռուցքից։
Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժինը, իսկ նրա ավագ քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, աշխատում է ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում։
1990-ակաների սկզբին Մխիթարյանի ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ նախկինում նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը խաղացել էր տեղի «ԱՍՕԱ Վալենսիա» ակումբում՝ օգնելով թիմին բարձրանալ Լիգա 2-ի երկրորդ դիվիզիոն։ Մխիթարյանն իր վաղ մանկությունն անցկացրել է Վալենսիայում: Ցանկանալով դառնալ ֆուտբոլիստ՝ նա սկսել է հետևել հոր օրինակին։
1995 թվականին Մխիթարյանները վերադարձել են Երևան, որտեղ էլ առաջին անգամ Հենրիխի տատիկը՝ Լիդիա Լավրետևան, նրան տարել է ֆուտբոլային դպրոց։
Մխիթարյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ներկայումս սովորում է տնտեսագիտություն՝ Սանկտ Պետերբուրգի ինստիտուտի Երևանյան մասնաճյուղում։ Ավարտելուց հետո մտադիր է սովորել այնտեղ՝ որպես իրավաբան։
Ներկայումս Միխիթարյանը հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում որպես կիսապաշտպան։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։ Յոթ անգամ (վեցերորդ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 2016 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 59 խաղում խփած 20 գնդակով։