Նոր նախագիծ է ներկայացվել, որը պետք է բարձրացնի կենսաթոշակները, նպաստները շահառուներին վճարելու արդյունավետությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն այս պահին լրամշակման փուլում է։

Նոր նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել սոցիալական ապահովության հաշվի գաղափարը։

Սոցիալական ապահովության հաշվի միջոցով վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները։

Ընդ որում, այդ հաշվին կարող են մուտքագրվել բացառապես վերոնշյալ նպաստների և դրամական այլ վճարների գումարները։

Միաժամանակ, առաջարկվում է կենսաթոշակային հաշվի վարման առանձնահատկությունները ևս սահմանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։ 

Նշվում է, որ իրավական ակտի կիրառման արդյունքում կբարելավվի ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու գործընթացի արդյունվետությունը, ինչպես նաև՝ շահառուներին մատուցվող ծառայությունների որակը։

Միաժամանակ, կպարզեցվեն կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատվովճարներն ու պարգևավճարները անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերը։

Արդյունքում կավելանան անկանխիկ վճարումների ծավալը՝ բարելավելով գործընթացի թափանցիկությունն ու ֆինանսական կառավարելիությունը, ինչպես նաև նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել