33-ամյա Ռաֆայել Գևորգյանն այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, արդարացվել է: Նա մեղադրվում էր զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: Մեղադրող կողմը միջնորդել էր պատիժ նշանակել 5 տարվա ազատազրկում
Ռաֆայել Գևորգյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել. «Քիչ առաջ Երևան ք.Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ պարոն Դ. Հարությունյանը կրկին իրականացնելով ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅՈւՆ կայացրեց արդարացման դատական ակտ իմ պաշտպանյալի նկատմամբ, որին մեզադրանք էր առաջադրվել ՀՀ քր.օր-ի 258 հոդ-ի 4րդ մասով և 235 հոդ-ի 1-ին մասով։ Կեցցե պարոն Դավիթ Հարությունյանը, մեծ պատիվ է նրա հետ աշխատելը և աշխատանքի բերկրանքը վայելելը!!!!!»:
Նշենք, որ այս գործին նախկինում Իրավաբան.net -ը անդրադարձել է: Այս գործում բացառիկ մի քանի դրվագներ կան: Նախ այն, որ առաջին ատյանի դատարանը 3 անգամ որոշում է ընդունել՝ Գևորգյանի հանդեպ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ և 3 անգամ էլ վերաքննիչ դատարանը բեկանել է ստորադաս ատյանի որոշումը և Գևորգյանին կալանքի տակ առել:
Միայն չորրորդ անգամ վերաքննիչ ատյանը չի բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և հնարավորություն է տվել Գևորգյանին գրավի դիմաց ազատության մեջ լինել՝ դատավարության ընթացքում:
Այս գործով հետաքրքիր էր նաև այն, որ առաջին անգամ դռնբաց դատական նիստում միջնորդություն հնչեց՝ լրագրողին արգելել լուսաբանել նիստը: Իհարկե, դատարանը մերժեց այն, սակայն լրագրողը հեռացավ՝ չցանկանալով վնասել ամբաստանյալի պաշտպանությանը:
Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Հարությունյան