Հեպատիտ C-ով հիվանդները կարող են ցուցակագրվել բուժման ծրագրում ընդգրկվելու համար

Մի քանի օր առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերության ծրագիրը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվում ժամանակակից «Սովալդի» դեղ, որով հեպատիտ Ց-ով հազար հիվանդ բուժում կստանա։

Ասենք, որ  հեպատիտ Ց-ի դեմ պայքարը հանրային առողջապահական լուրջ խնդիր է։ Այն խիստ վտանգավոր վարակիչ հիվանդություն է թե՛ հիվանդի առողջության և կյանքի, թե՛ հանրության համար։

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հեպատիտ Ց-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը հիվանդների բուժումն է։ Իսկ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված սովալդի դեղի օգտագործմամբ։ Հայաստան ներմուծվում է դրա օրիգինալը։  Արտերկրում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 50-60 հազար ԱՄՆ դոլարի։

Միաժամանակ, հայտնում ենք որ ծրագրի շրջանակում բուժման համար անհրաժեշտ է մինչև բուժման սկսելը, ընթացքում և բուժման ավարտից հետո իրականացնել մի շարք հետազոտություններ։ Նշենք, որ նվիրատվությամբ ստացված դեղը, ըստ ցուցումների, պետք է համակցվի հավելյալ 1 կամ 2 դեղով։

Առողջապահության նախարարությունը սկսել է մշակել ծրագրի իրականացման միջոցառումներ, այդ թվում` հեպատիտ Ց-ով հիվանդ քաղաքացիների ցուցակագրում։

Առաջնահերթ կսկսվի այն քաղաքացիների բուժումը, որոնց մոտ լաբորատոր հետազոտություններով արդեն իսկ հաստատվել է հեպատիտ Ց ախտորոշումը կամ պատրաստ են իրենց միջոցներով վճարելու սույն հետազոտությունների համար։

Ծրագրի շրջանակում առաջնահերթ կընդգրկվեն նաև այն քաղաքացիները, ովքեր պատրաստ կլինեն վճարելու հավելյալ դեղերի արժեքը։

Բոլոր հիվանդներին, ովքեր որպես հեպատիտ Ց-ով հիվանդ հաշվառված չեն իրենց պոլիկլինիկայում կամ այլ բժշկական հաստատությունում, առաջարկում ենք մինչև մայիսի 15-ը ցուցակագրվել`  ամեն օր, ներառյալ` տոներին, ժամը 9-18-ը զանգահարելով 010-65-51-62 հեռախոսահամարով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել