Կոռուպցիոն երևույթներն ու դրսևորումներն այնպիսին են, որ ապացուցման կարիք ունեն։ Փաստաբան, Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ Արթուր Սուքիասյանը պատկերացնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմինը արդյունավետ գործելու համար պետք է մեծ աշխատակազմ ու լայն լիազորությունների շրջանակ ունենա։
«Կոռուպցիան խոշոր հանցագործություն է և երևույթ, ուստի միայն վերացական խոսելով ու ծրագրեր մշակելով չի լինի, պարտադիր պետք է ապացույցների ձեռքբերման հնարավորություն ունենա»,- ասում է Արթուր Սուքիասյանը։
Նա կարծում է, որ մարմինը պետք է ունենա նաև արագ արձագանքման խումբ, որը կկարողանա միանգամից ներգրավվել անձանց իր գործողություններում․ «Աշխատակազմի մեջ ես նաև պատկերացնում եմ նաև վերլուծություններով զբաղվող փորձագետներ, որոնք ուսումնասիրություններ կկատարեն, խնդիրներ վեր կհանեն, օրենսդրական փոփոխություններ կառաջարկեն, այնպիսի փոփոխություններ, որոնք կտանեն նրան, որ կոռուպցիայի դրսևորումները կնվազեն, որովհետև զուտ պատժելով կոռուպցիայի դեմ պայքարելը ճիշտ չէ, այսինքն՝ պատճառները պետք է վեր հանվեն»։
Արթուր Սուքիասյանը համոզմունք հայտնեց նաև, որ վաղուց առաջացել է նման մարմին ստեղծելու անհրաժեշտություն․ «Պրակտիկան ցույց է տալիս, որ ուղղակի հանձնաժողով ու ծրագրեր մշակելով արդյունք չի լինում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Նա նաև շեշտեց, որ ներկայումս շրջանառության մեջ դրված նախագիծը, որով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անունն է փոխվում, լիազորությունների շրջանակն ընդլայնվում, սակայն աշխատակազմը նույնն է մնալու, արդյունավետորեն չի կարող պայքարել այս արատի դեմ։