Մարտի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ թաղման նպաստների յուրացման արդյունքում պետությանը խոշոր վնաս է պատճառվել: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Այս հաղորդագրությունից հետո թյուր կարծիք ստեղծվեց, թե յուրացումները հայտնաբերվել են ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում, մինչդեռ այն բացահայտվել է սոցապահովության ծառայության կողմից:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Արտակ Ղազարյանը հայտնեց.
«Խոսքն այն մասին է, որ ծառայությունը պարբերաբար իրականացնում է ռիսկերի վրա հիմնված վերլուծություններ: Մենք կարող ենք բացահայտել կոնկրետ ռիսկեր՝ մեր համակարգում և մեր համակարգի միջոցով իրականացվող գործողությունների վերաբերյալ: Դրանցից մեկն էլ մահվան նպաստների խնդիրն էր»:
Օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր անձ, ով ներկայացնում է անձի մահվան վկայականը, ապա իրավունք ունի ստանալու թաղման համար սահմանված 200 հազար դրամի նպաստը: Եվ Սոցապահովության պետական ծառայությունը հայտանաբերել է դեպքեր, երբ կոնկրետ անձիք մինչև 300 անգամ ստացել են թաղման նպաստներ:
«Այդ ռիսկերի մասին մենք տեղեկացրել ենք կառավարությանը, վերջերս դատախազության խնդրանքով տրամադրեցինք նաև նրանց: Այսինքն, խնդիրը բացահայտվել է մեր ռիսկերի հիման վա կատարված վերլուծությունների արդյունքում»,- ասաց Արտակ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ այս խնդիրը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերջին նիստին բարձրացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից, որը իր կողմից բարձրաձայնվելիք խնդրի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես ճշտել էր Սոցիալական ապահովության պետական ծառայությանից, որից հետո այն ներկայացրել, ինչին հաջորդեցին վերոնշյալ գործընթացները։
Իրավաբան.net