Կոռումպացված մարմինը չի կարող դրական բան ստեղծել. Ալեն Սիմոնյան

«Հիվանդ մարմինը չի կարող առողջ արգասիք տալ: Չեմ ուզում շատ ծայրահեղ օրինակներ բերել, բայց ոնց որ թուրքերը հանձնաժողով ստեղծեն ցեղասպանության քննման հետ կապված, իրենց ամենալավագույն ներկայացուցիչներից ու պատմաբաններին ներգրավեն գործում: Իրենք տարիներ շարունակ պետական պաշտոնյաներ են եղել, իսկ ինչու՞ նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել այս տարիների ընթացքում»:

Իրավաբան.net-ի հետ զրույցում «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» նախագծի մասին նման տեսակետ հայտնեց «ԵԼՔ» դաշինքի կողմից առաջադրվա ԱԺ պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Նա նշում է, որ իր կարծիքով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ձևական բնույթ է կրում և որևիցե արդյունք այս ընթացքում չի տվել:

Նոր նախագծի մասին Ա.Սիմոնյանը հայտնեց, որ մասամբ է տեղյակ:

«Եթե չեմ սխալվում Սերժ Սարգսյանի ելույթից հետո է եղել, երբ ասվեց, որ պետք է էթիկայի հանձնաժողովն ընդլայնվի և նոր լիազորություններ ստանա, կարծում եմ սա դրա հետևանքն է, բայց մեծ հույսեր կրկին չեմ կապում: Դա ևս մեկ կոռումպացված մարմին է լինելու, և կոռումպացված մարմինը չի կարող դրական բան ստեղծել»,-ասաց նա:

Ինչպես Սիմոնյանն է նշում՝ կարող ենք փորձ անել, զանգել քաղաքացիների, պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, և նրանց 99,9%-ը չի կարող ասել ովքեր են այդ հանձնաժողովի անդամները. «Լավ, համարենք, որ նոր հանձնաժողով ենք կազմում, բայց նախկինում ևս այդ մարդիկ աշխատավարձ են ստացել, պետության կողմից աշխատասենյակ է հատկացվել, ծախսեր է արվել, բայց ոչ մի արդյունք չի եղել, իսկ դրա պատասխանն ո՞վ է տալու: Մենք այդ մարդկանց անուններն էլ չգիտենք: Մենք նրանց մասին ոչ մի բան չենք իմացել, միայն խոսակցությունները եղել են այն ժամանակ, երբ լրագրողներ են աղմուկ բարձրացրել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել