Կարևորում ենք փաստաբանական համայնքի միասնականությունն ու անկախության ամրապնդումը. Կարեն Մեժլումյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 39 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.net–ը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Իր դիրքորոշումն է հայտնել ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Կարեն Մեժլումյանը.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:

-Ինչպես տեղյակ եք քարոզարշավն իրականացնում ենք 12 փաստաբաններով, որոնցից ութս Փաստաբանների պալատի գործող խորհրդի անդամ ենք, իսկ չորսը` ոչ: Մենք հրապարակել ենք այն ուղղությունները, որոնք պատրաստվում ենք իրականացնել: Դրանցից են`

1. փաստաբանական համայնքի հեղինակության հետագա բարձրացումը, միասնականությաունը և անկախության ամրապնդումը,

2. փաստաբանների իրավունքների պաշտպանությանը

3. մարզերում գործող փաստաբանների խնդիրների լուծումը:

Ասեմ, որ մեր թիմում կան քաղաքացիական, քրեական, վարչական, միջազգային ուղղվածության պրակտիկ և ակտիվ գործուներություն իրականացնող փաստաբաններ, այդ թվում՝ գիտական աստիճան ունեցողներ, ինչը հնարավորություն է տալու ցանկացած բնույթի կարգապահական գործ քննել պրոֆեսիոնալ ձևով, տեսնել իրավիճակի ինչպես երևացող, այնպես էլ շատերի համար չերևացող կողմերը և լինել օբյեկտիվ:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:

-Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը 2013թ. աշնանը Արա Զոհրաբյանին ընտրեց Պալատի նախագահ, որից մի քանի ամիս անց հայտնաբերվեց, որ նախկինում ֆինանսական չարաշահումներ են կատարվել: Նշանակվեցին ստուգումներ, այդ թվում աուդիտորական և պարզվեց, որ ավելի քան հարյուր միլիոնի պակասորդ կա: Այդ գումարի մի մասը վերականգնվել է, սակայն դեռևս 97 միլիոնի պակասորդ չի վերականգնվել: Պալատի համար այս թվի մեծությունը պատկերացնելու համար պարզաբանեմ, որ այն համարժեք է Պալատի գործող մոտ 1780 փաստաբանների մեկ տարվա անդամավճարի գումարին, որն, ի դեպ, յուրաքանչյուր փաստաբանի համար 60.000 դրամ է կազմում:

Հավելեմ նաև, որ 2016թ-ին բյուջեում որպես անդամավճարներից մուտք նախատեսվել էր 87 միլիոն դրամ, սակայն փաստացի հավաքագրվել է 75 միլիոն դրամ: Նշված պակասորդի պատճառով Պալատն անգամ, Խորհրդի որոշմամբ ստիպված եղավ վարկ վերցնել: Այդ պակասորդի հետ կապված հարուցվել է քրեական գործ, որով Պալատը տուժող է ճանաչվել: Նաև քաղաքացիական գործ է քննվում, որով Փաստաբանների պալատը հայցվոր է: Հարցի լավագույն լուծումը կլիներ այդ պակասորդի վերականգնումը այն առաջացրած անձի կամ անձանց կողմից, ինչը, սակայն, չի արվում: Պատկերացրեք, թե ինչպիսի աջակցություն կարող էինք ցույց տալ մեր փաստաբաններին, եթե այդ գումարները վերականգնվեին:

Լուծման մյուս տարբերակն այն է, ինչն այս երեք տարիներին իրականացրեցին Փաստաբանների պալատի նախագահն ու Խորհրդի գործող կազմը: Պալատի նախագահի ներկայացմամբ Խորհուրդն ամեն տարի այնպիսի բյուջե էր հաստատում, որի մուտքային ու ծախսային մասերի հարաբերակցությունը թույլ տվեց դուրս գալ ծայրահեղ ծանր վիճակից, արդեն մարել ենք վարկը և Պալատը զարգանում է, անգամ փաստաբանների համար սոցիալական մեծ ծրագրեր են իրականացվում: Կարծում եմ, Խորհրդի նոր կազմն էլ նույնկերպ կգործի:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Պալատի ներկայիս գործող Խորհրդի ու Նախագահի ձեռքբերումներից եմ համարում հատկապես ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը, ինչի մասին արդեն խոսեցի և ինչի արդյունքում պալատը երեք տարիների ընթացքում դուրս եկավ ծանր վիճակից և տեսանելի զարգացում է ապրում:

Ինչ վերաբերում է ֆինանսական հաշվետվողականությանն ու թափանցիկությանը, ապա այն առկա է և տեսանելի բոլոր այն փաստաբանների համար, որոնք դրա համար փոքր ճիգ կգործադրեն, այսինքն կնստեն համակարգչի առջև, մուտք կգործեն Պալատի կայք և համապատասխան պատուհանում կտեսնեն ինչպես Պալատի բյուջեն, այնպես էլ դրա կատարման վերաբերյալ Պալատի նախագահի նաշվետվությունները: Ի դեպ, այսօրվա դրությամբ բյուջեն հասանելի է ցանկացած անձի, իսկ դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը` ցանկացած փաստաբանի: Այս կապակցությամբ նշեմ, որ զարմանք է առաջացնում Խորհրդի անդամության այն թեկնածուների, հատկապես խորհրդի գործող անդամների հայտարարությունները, թե իբր այդ տեղեկությունները հասանելի չեն փաստաբաններին:

Է՛լ ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված Խորհրդի ցանկացած անդամի, որը բյուջեն հաստատելու կամ բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու վերաբերյալ հարցերի քվեարկության ժամանակ ծանոթանում է դրանց ամբողջությամբ, ինչպես նաև հետագայում ցանկացած ժամանակ կարող է Պալատում ծանոթանալ դրանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել