Փաստաբանը պետք է հնարավորություն ունենա տեղեկանալու, թե իր կողմից պալատին փոխանցված գումարներն ինչպես են տնօրինվում

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ  Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Դիանա Գրիգորյանի հետ հարցազրույցը.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:

  1. Փաստաբանների պալատի ղեկավար մարմինների միջև զսպումների և հակակշիռների մեխանիզմի ստեղծում: Պետք է բացառել խորհրդի անդամի կողմից փաստաբանների պալատում միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա, որ խորհրդի անդամը կախվածության մեջ չլինի փաստաբանների պալատի նախագահից և իր որոշումներում լինի անկախ:
  2. Կրճատել պալատի հաստիքացուցակը, միաժամանակ ստեղծել մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի աշխատակազմը համալրել որակյալ կադրերով: Փաստաբանների պալատում աշխատող յուրաքանչյուր մասնագետ պետք է լինի պրոֆեսիոնալ և աշխատանքի ընդունվի իր ունեցած մասնագիտական բարձ հատկանիշների համար: Անհրաժեշտ է ներդնել մրցութային եղանակով հաստիքների համալրման սկզբունքը՝ վերացնելով փաստաբանների պալատի նախագահի հետ ունեցած բարեկամական կապերի հաշվին փաստաբանների պալատում պաշտոնների զբաղեցման հնարավորությունը:
  3. Ապահովել փաստաբանների պալատի աշխատանքի թափանցիկությունը: Մասնավորապես, բոլոր փաստաբանների համար պետք է հասանելի լինեն պալատի ֆինանսական ծախսերի մասին տեղեկությունները: Այնինչ, այսօր ոչ միայն փաստաբանից են գաղտնի պահվում ֆինանսական ծախսերի մասին տեղեկությունները, այլ նաև խորհրդի անդամից, այն պարագայում, երբ փաստաբանների պալատի խորհուրդը՝ որպես գործադիր մարմին, վերահսկում է պալատի ֆինանսատնտեսական գործունեությունը և խորհրդի յուրաքանչյուր անդամ, իր գործառույթի իրականացման անհրաժեշտությունից ելնելով, իրավասու է ծանոթանալ փաստաբանների պալատի բոլոր փաստաթղթերին: Ցավոք, փաստաբանների պալատում ստեղծվել է մի իրավիճակ, որ խորհրդի անդամն իր պարտականությունները կատարելու, պալատի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար փաստացի զրկված է իրեն անհրաժեշտ փաստաթղթերը փաստաբանների պալատից ստանալու հնարավորությունից: Նշեմ, որ խորհրդի անդամ Երվանդ Վարոսյանի կողմից դեռևս 2016թ. հարցում էր ուղարկվել փաստաբանների պալատ՝ խնդրելով տրամադրել որոշ փաստաթղթեր, սակայն փաստաբանների պալատը մերժել էր պահանջված փաստաթղթերի տրամադրումը: Ցանկանում եմ ընդգծել, որ փաստաբանների պալատի կանոնադրության16.29-րդ կետով ուղղակիորեն ամրագրված է, որ խորհրդի անդամն իրավունք ունի ծանոթանալ փաստաբանների պալատի բոլոր փաստաթղթերին: Նման պայմաններում, խորհրդի անդամը, հարկադրված, փաստաթղթերը ստանալու պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան: Ի՞նչ է թաքցնում փաստաբանների պալատը, ինչու՞ է խուսափում ֆինանսական փաստաթղթերը տրամադրել խորհրդի անդամին:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:

-Փաստաբանների պալատի նախագահի կողմից մամուլով հայտարարություն տարածվեց, որ դեռևս 2012-2013թթ. պալատից դուրս են եկել ֆինանսական միջոցներ և հետ չեն վերադարձվել: Իսկ մինչ փաստաբանների պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձի կողմից մամուլով պաշտոնական հայտարարությունների իրականացումը՝ նմանատիպ լուրերը շրջանառության մեջ էին դրվել ասեկոսեների մակարդակով: Կարծում եմ՝ Փաստաբանների պալատի նախագահի՝ որպես  գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձի, առաջնային խնդիրը պետք է լիներ իր կողմից մամուլով հրապարակված հանցագործության բացահայտման և պալատին պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը: Ինչևէ, այս թերացումն արդեն իսկ շտկվել է, մասնավորապես, Ռուբեն Սահակյանի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին և ներկայումս հարուցված է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Ինչպես արդեն նշեցի, փաստաբանների պալատն ունի ուռճացված աշխատակազմ, ընդամենը 1777 անդամ ունեցող փաստաբանների պալատի նախագահն ունի չորս տեղակալ, հինգ խորհրդական, աշխատակազմի ղեկավար և միաժամանակ նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալ և այլն: Ուռճացված աշխատակազմի առկայությունն արդեն իսկ բացառում է Պալատի ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման հնարավորությունը: Հաջորդ խնդիրը, որը տեսանելի է, փաստաբանների վերապատրաստման նպատակով կատարվող ծախսերն են: Վերապատրաստող մասնագետն ընդհանրապես չի տիրապետում տեղեկատվության, թե տվյալ օրվա վերապատրաստմանը մասնակցող փաստաբաններն ինչ փորձառություն ունեն, ինչն արդեն իսկ խոչընդոտում է վերապատրաստող մասնագետին՝ վերապատրաստմանը մասնակցող փաստաբանի պահանջներին համապատասխան դասընթացի կազմակերպում իրականացնելու հնարավորությունից: Այս ուղղությամբ պալատի կողմից չմշակված քաղաքականության բացը հանգեցրել է նրան, որ վերապատրաստումը փաստաբաններից մեծ մասի համար հանդիսանում է միայն ժամանակի կորուստ, սակայն փաստաբանները հարկադրված մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, որպեսզի խուսափեն կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց: Փաստորեն, չկարգավորված ու չմշակված քաղաքականության արդյունքում փաստաբանների պալատը իրականացնում է ոչ արդյունավետ ֆինանսական ծախսեր՝ վճարում է վերապատրաստող մասնագետներին, փոխարենը փաստաբանը ոչինչ չի ստանում, փաստացի չի վերապատրաստվում: Հետաքրքրական է, որ փաստաբանների պալատն ունի որակավորման և մասնագիտական վերապատրաստման գծով նախագահի տեղակալ, վերապատրաստման հարցերով համակարգողի հաստիք, այսինքն կա հաստիք, կա աշխատող, փաստաբանների կողմից վճարվող անդամավճարների հաշվին տրվում է աշխատավարձ, սակայն չկա աշխատանք: Այս երկու ուղղություններն էին տեսանելի և այս երկու ուղղություններում էլ ֆինանսական միջոցներն, իմ գնահատմամբ, օգտագործվում են ոչ արդյունավետ: Այլ ուղղություններում, արդյոք, պալատի ֆինանսական միջոցները ծախսվում են արդյունավետ, թե՝ ոչ, կդժվարանամ պատասխանել, քանի որ փաստաբանը զրկված է պալատի ծախսերի մասին որևէ տեղեկություն ստանալու հնարավորությունից, իրականացվող ծախսերը փաստաբանների պալատի կողմից գաղտնի են պահվում:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Իմ կարծիքով առաջնային նախապայմանը պետք է լինի  փաստաբանների պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձի կողմից իր իրավունքների չչարաշահումն ու փաստաբանների պալատի կանոնադրությամբ ամրագրված դրույթների պահպանումը, մասնավորապես, պալատի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման համար խորհրդի անդամին պահանջվող բոլոր փաստաթղթերի տրամադրումը, որպեսզի խորհրդի անդամը ստիպված չլինի իր գործառույթի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացման պահանջով դիմել դատարան: Հաջորդ քայլը, որն անհրաժեշտ է իրականացնել, իրավական ակտի ընդունումն է, որով յուրաքանչյուր փաստաբան իրավասու կլինի ծանոթանալու փաստաբանների պալատի ֆինանսական գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերին: Ի վերջո, փաստաբանը միայն գումար վճարող սուբյեկտ չէ, փաստաբանը պետք է նաև հնարավորություն ունենա տեղեկանալու, թե իր կողմից պալատին փոխանցված գումարներն ինչպես են տնօրինվում:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել