Հաստատվեց ազգային դեղամատյանի հրապարակման կարգը

Այսօր կառավարության նիստին գործադիրի անդամները հավանություն տվեցին ազգային դեղամատյանի հրապարակման կարգը: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից առաջարկված այս նախագիծը ներառված էր չքննարկվող հարցերի շարքում:

Փաստաթղթի կարևորությունը հիմնավորվում է այսպես.

«2016 թվականի մայիսի 17-ին ընդունվեց «Դեղերի մասին» Հայաս­տանի Հանրապետության նոր օրենքը, որով ի թիվս այլ դրույթների, ամրագրվեց ազգային դեղամատյանը հրապարակելու կարգի սահմանման պահանջ: Ազգային դեղամատյանը, ըստ միջազգային չափանիշների, պարունակում է ժամանակակից, սպառիչ, լիարժեք, օբյեկտիվ, ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն յուրաքանչյուր դեղի հիմնական հատկությունների վերաբերյալ, ներառյալ` անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիրը, դեղի ակտիվ և օժանդակ նյութերի բաղադրակազմը, կիրառման ցուցումները, հակացուցումները, նախազգուշացումները, դեղաչափումը, այդ թվում` տարբեր տարիքային խմբերում և հատուկ խմբերի պացիենտների մոտ, կողմնակի ազդեցությունները, դեղի փոխազդեցություններն այլ դեղերի և սննդի հետ, կիրառումը հղիության և կրծքով  կերակրելու ժամանակաշրջանում, երեխաների ու ծերերի մոտ, ինչպես նաև դեղի պահման և ոչնչացման պայմանները:

Ազգային դեղամատյանը ապահովում է առողջապահության մասնագետների համար անհրաժեշտ տեղեկատվություն, անմիջականորեն նպաստում է դեղերի արդյունավետ կիրառմանը:

Ակնկալվում է, որ կարգի ընդունման դեպքում հիմնական դեղերի մասին տեղեկություններ ընդգրկող տեղեկատուի` ազգային դեղամատյանի համապափակ հասանելիությունը կապահովվի:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել