Հայ փաստաբան Աշխեն Հարությունյանը ճանաչվել է Ֆրանսիայում փաստաբանների բանախոսության միջազգային հեղինակավոր մրցույթի հաղթող

2017 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիայի Կաեն քաղաքում տեղի ունեցավ մարդու իրավունքների ոլորտում բանախոսության միջազգային մրցույթ, որում հաղթող ճանաչվեց հայազգի փաստաբան Աշխեն Հարությունյանը։

Փաստաբան Աշխեն Հարությունյանն իրավագիտության բակալավրի աստիճանն ստացել է Հայաստանում, այնուհետև շարունակել ուսումնառությունը Ֆրանսիայի Էսք Ան-Փղովանս քաղաքի Պոլ Սեզան համալսարանում՝ստանալով մագիստրոսի կոչում, այնուհետև հաջողությամբ շարունակել է մասնագիտական ուսուցումը Մարսելի փաստաբանական դպրոցում՝ ձեռք բերելով Փաստաբանի կոչում։

Կաեն քաղաքի հուշահամալիրի մրցույթն անցկացվում է արդեն 28-րդ անգամ, այն համախմբում է մարդու իրավունքների ոլորտում գործող փաստաբանների, ինչպես Ֆրանսիայից`այնպես էլ այլ երկրներից։

Այս տարի մրցույթի նախնական փուլը հաղթահարել և եզրափակիչ փուլում մասնակցության համար ընտրվել էին թվով 10 փաստաբան տարբեր երկրներից՝ այդ թվում նաև Ֆրանսիայից, Լիբանանից և Բելգիայից։

Փաստաբաններն այս մրցույթում բարձրաձայնում են մարդու իրավունքների խախտումների այնպիսի դեպքերի մասին, որոնք այնքնան էլ հայտնի չեն լայն հանրությանը։ Միջազգային այս հեղինակավոր մրցույթի մասնակիցները գնահատվում են ինչպես մասնագիտական թեմայի ընտրության, այնպես էլ թեմայի ներկայացման՝ այն է բանախոսական հմտությունների համար։

Աշխեն Հարությունյանն արժանացավ առաջին մրցանակին իր ««Ամերիկյան երազանք». Կուլիսների ետևում» բանախոսության համար։ Բանախոսությամբ Աշխեն Հարությունյանը ներկայացնում էր հայիթիից Նիթա անունով մի աղջկա պատմություն, ով մի քանի անգամ որդեգրվել էր ամերիկյան տարբեր ընտանիքների կողմից և ի վերջո վաճառվել իր այսպես կոչված ընտանիքների կողմից Ամերիկայում հայտնի «rehoming» (վերաորդեգրում) պրակտիկայի միջոցով։ Այս տարօրինակ ամերիկյան ընթացակարգը թույլ է տալիս որդեգրող ընտանիքներին հրաժարվել որդեգրված երեխայից ցանկացած ամենաանհեթեթ թվացող պատճառներով՝ այդ մասին հայտարարություն տեղադրելով համապատասխան ինտերնետային կայքում։ Նման պրակտիկաների կիրառումը նշանակում է, որ մարդիկ երեխաներին վերաբերվում են ինչպես իրերի։

Աշխեն Հարությունյանն իր զգացմունքային, բայց միևնույն ժամանակ հզոր ելույթով կոչ է անում մարդու իրավունքների ջատագովներին և առհասարակ հանրությանը պայքարել նման երևույթների դեմ, քանզի վերջիվերջո երեխաները ծնվել են ապրելու և ծաղկելու, այլ ոչ թե իրերի պես վաճառվելու համար։

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել