Աղվան Հովսեփյանն այսօր հրաման է ստորագրել Արաբկիրի քննչական բաժնի պետ նշանակելու մասին

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 30-ին հրաման է ստորագրել նոր նշանակում կատարելու վերաբերյալ։ Թիվ 43-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Տիգրան Թամամյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Հայտնում են ՔԿ-ից:

Նույն օրն Ա.Հովսեփյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել  Արաբկիրի քննչական բաժնում եւ  ներկայացրել Տ.Թամամյանին։ ՀՀ ՔԿ նախագահը կարեւորել է աշխատանքային կարգապահությունը եւ հանձնարարականներ տվել քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։  Ա.Հովսեփյանը ընդգծել է  յուրաքանչյուր քննիչի կողմից իր վարույթում քննվող քրեական գործերով ինքնուրույնության ու պատասխանատվության դրսեւորման կարեւորությունը։

«Քննիչն ինքնուրույն դատավարական սուբյեկտ է, ինչը պետք  է դրսեւորվի քրեական գործերով բազմակողմանի քննության ապահովմամբ, բոլոր հանգամանքների անկողմնակալ հետազոտմամբ՝ ձեռք բերելով թե՛ մեղադրող եւ թե՛ արդարացնող ապացույցները։ Յուրաքանչյուր գործով քննիչը պետք է կարողանա դրսեւորել իր անկախությունը՝ ի շահ քրեական գործի քննության, օբյեկտիվ իրականության բացահայտման»,- ասել է Ա.Հովսեփյանը՝ անընդունելի համարելով դատավարական  լիազորությունների չարաշահումը եւ նշելով, որ նման խախտումներ արձանագրվելու դեպքում կկիրառվեն պատասխանատվության համապատասխան միջոցներ։

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել