Դատարանը գործի վարույթից հեռացրեց դատախազին

Դատախազի կողմից փաստաբանին վիրավորելու և նրա վրա հարձակվելու միջնորդությամբ այսօր Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին, ՀՀ Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբն ահազանգ է ստացել փաստաբան Գեորգի Մելիքյանից այն մասին, որ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում (նախագահությամբ` դատավոր Ա.Ադամյան) գտնվող գործի քննության ընթացքում, նույն գործով հանդես եկող դատախազ Կ. Ներսիսյանը, փաստաբանի կողմից իր մասնագիտական գործողությունների կապակցությամբ վրդովվել է, և հարձակվել փաստաբանի վրա, վիրավորել, դատական նիստերի դահլիճի խոսափողը նետել փաստաբանի ուղղությամբ, որից հետո փաստաբանին հրավիրել է դուրս՝ հարցերը պարզաբանելու համար:

Սույն գործով փաստաբանն այսօր բացարկի միջնորդություն է ներկայացրել մեղադրող դատախազ Կորյուն Ներսիսյանին: Դատավոր Ադամյանը, լսելով կողմերին գտել է, որ հարկավոր է բավարարել միջնորդությունը: Այս մասին տեղեկացրեց փաստաբանը.

«Դատական նիստի ընթացքում դատավոր Ադամյանը բավարարեց իմ կողմից ներկայացված միջնորդությունը դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ և հեռացրեց նրան վարույթից: Նիստին արժեր ներկա գտնվել միայն բացարկված դատախազի դեմքին նայելու համար»,- ասաց փաստաբանը։

Դատարանը նշել է, որ դատախազը անհարգալից վերաբերմունք է դրսևորել նախ դատարանի նկատմամբ, այնուհետև վիրավորել փաստաբանին, վերջինիս վրա հարձակվելու փորձ կատարել և խափանել դատական նիստի ընթացքը:

Այսպիսով դատարանը որոշել է մեադրողին հայտնած բացարկը բավարել ու դատախազին հեռացնել գործի վարույթից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել