Վահան Շիրխանյանին աստիճանաբար սպանում են. ասում է փաստաբանը

Վահան Շիրխանյանին աստիճանաբար սպանում են: Հայտարարում է Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Այսօր Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում պետք է տեղի ունենար Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը, սակայն այն կրկին հետաձգվեց ամբաստանյալներից Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով: Նա ներկա չէր, քանի որ առողջական խնդիրները թույլ չեն տալիս:

Ամբաստանյալի փաստաբան Հայկ Ալումյանը ասում է, որ Վահան Շիրխանյանին քրեակատարողական հիմնարկներում չի ցուցաբերվում պատշաճ բժշշկական օգնություն: Նա այսօր դատարանին հիշեցրեց, որ դեռ նախորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել էր Շիրխանյանին անհապաղ տեղափոխել մասնագիտացված բժշկական հաստատություն, սակայն դա չի իրականացվել:

Փաստաբանը դատարանին ներկայացրեց ԱՆ-ի հասարակական դիտորդական խմբի ընթացիկ հետազոտական արդյունքները, որտեղ գրված է. «Թեև բժշկական փաստաթղթերից հետևում է, որ պարոն Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է, սակայն մտահոգիչ է, որ հետզհետե նրա վիճակն ակներևաբար վատանում է»,- մեջբերում արեց պարոն Ալումյանը հավելելով, որ նա նույնպես մշտապես այս խնդրին անդրադարձել է:

Հերթական նիստը դատախազը առաջարկեց հետաձգել, եղան տարբեր կարծիքներ, օրինակ՝ փաստաբան Գիվի Հովհաննիսյանը խորհուրդ տվեց Շիրխանյանը գործն առանձին քննել, որպեսզի մշտական հետաձգումներ չլինեն, փաստաբան Իննես Պետրոսյանը հիշեցրեց, որ Շիրխանյանը չի հրաժարվել մասնակցել նիստերի. «Սխալ է մեկնաբանվել դա, պարոն Շիրխանյանը չի հրաժարվել, նա հայտարարությամբ խնդրել է տրամադրել պադգարակ, նման պրակտիկա մենք ունենք, երբ ամբաստանյալներին նիստերի են բերում պատգարակով»,- նշեց փաստաբանը՝ միջնորդելով նրան տրամադրել պատգարակ և տեղափոխել նիստերի դահլիճ, որպեսզի դատական գործընթացը բնականոն հունով ընթանա:

Դատավորը Արմեն Բեկթաշյանը հարցը լուծելու համար կրկին հետաձգեց նիստը:

Նիստից հետո փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին հաղորդեց, որ անգամ Շիրխանյանի տեսքին նայելիս պարզ է դառնում, որ «նրան աստիճանաբար սպանում են»:

Փաստաբանը հաղորդեց, որ երկու օր առաջ Շիրխանյանին այցելած նյարդաբանի եզրակացության մեջ ասվում է. «Հիմնվելով համակարգչային շերտագրության (KT) հետազոտության վրա, երևում է, որ պարոն Շիրխանյանն ունի ցավային ախտանիք, այդ եզրակացությունից երևում է, որ ողերով սեղմվել է նյարդերը»,- նշեց պաշտպանը:

Այսօր այս բոլոր փաստաթղթերը պարոն Ալումյանը ներկայացրեց դատարանին:

Ի դեպ, քանի որ այս գործով դատական նիստերի դահլիճում մարդաշատ է լինում, այսօր դատարանի շենքում հեռուստացույց էին տեղադրել և ուղիղ միացմամբ ապահովել դատաքննության ընթացքի տեսագրությունը: Դատական կարգադրիչները քաղաքացիներին թույլ չէին տալիս մտնել նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, որ նստելու տեղ չկա:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Արթուր Վարդանյանի և ևս 18 անձի նկատմամբ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել