Խորհրդային Հայաստանում ստեղծվել է առաջին ատոմային ռումբը. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն

ԽՍՀՄ-ի առաջին ատոմային ռումբը ստեղծվել է Խորհրդային Հայաստանում` 1949թ. փետրվարին, իսկ ավելի կոնկրետ՝ Սևանի մոտակայքում: Այս մասին է վկայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծած փաստաթուղթը:

«Գաղտնի» նշագրված փաստաթուղթը բավականին մանրամասն տեղեկատվություն է պարունակում Հայաստանի, մասնավորապես Սևանի վերաբերյալ, նշվում է, որ այն ծովի մակերևույթից 7300 ֆուտ (մոտ 2225 մետր, սակայն ներկայումս այն 1900 մետր է) բարձրության վրա է, ջրի քանակը մոտ 60 մլրդ տոննա է, լճի ջուրը հավաքվում է 28 մեծ ու փոքր գետերից: Հետախուզական վարչության տվյալներով՝ լիճն ունի միայն մեկ ելք՝ Զանգուն (Հրազդան գետը), որը Արաքսի վտակն է: Այնուհետև ամերիկյան հետախուզական ծառայության զեկույցում ավելացվում է, որ այս գետը հիդրոէլեկտրոկայանների կատարյալ աղբյուր է:

Խորհրդային ռեժիմն ի սկզբանե մտադրվել է իրականացնել ատոմային ռումբի սերիական արտադրություն: Ըստ աղբյուրի՝ գաղտնի գործարանը գտնվել է վեց քարանձավներում, դրանք բավականին խորը տեղանք ունեն ու միանգամայն պաշտպանված են բոլոր տեսակի ռմբակոծություններից:

Ատոմային կայանը կառուցելու համար Հայաստան են բերվել գերմանացի գերիներ: Կայանը շահագործման ենթակա է եղել 1948թ.-ին, ըստ զեկույցի՝ Հայաստանի էլեկտրական հզորության գերակշիռ մասը տրամադրվել է այս կայանին, ուստի մյուս բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները հարկադրված են եղել նվազագույն էլեկտրականությամբ աշխատել:

Նշվում է նաև, որ Հայաստանում կառուցված կայանը բավականին հզոր է եղել, դեռ ավելին՝ Չելյաբինսկում, ինչպես նաև Արևմտյան Սիբիրում և Տուվայում գտնվող այսպես կոչված՝ ատոմային քաղաքնեում, պարզապես օժանդակ կառույցներ ու փորձնական գործարաններ են եղել:

Բացի այդ, հաղորդվում է նաև, որ ատոմային զենքի ստեղծման աշխատանքները ղեկավարել է պրոֆեսոր Առաքելյանը (զեկույցում անունը նշված չէ), ով Միկոյանի դպրոցական ընկերներից է:

Հայաստանում ատոմային կայանի աշխատանքները համակարգել է այդ ժամանակ ԽՍՀՄ պետական անվտանգության գլխավոր հանձնակատար Լավրենտի Բերիան:

Թե որքանով են զեկույցում տեղ գտած մանրամասները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել:

Պատրաստեց Գևորգ Թոսունյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել