Արդիականացվում են քրեակատարողական հիմնարկների բժշկական ծառայությունները

Հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների մատուցմանն առնչվող ՀՀ գործող իրավակարգավորումները, ոլորտում առկա խնդիրները և հիմք ընդունելով քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների կարգավորմանն ուղղված միջազգային փաստաթղթերով  ամրագրված չափանիշներն ու օտարերկրյա փորձը` Արդարադատության նախարարությունը մշակել է առաջարկներ, որոնք ուղղված են քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացմանը:

Ըստ նախագծի, որն այսօր ներկայացրեց նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ քրեակատարողական համակարգում գտնվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունները բարելավելու նպատակով հարկավոր է մշակել և հաստատել քրեակատարողական հիմնարկում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նկարագիրը, տեխնիկական և կադրային հագեցվածության պահանջներն ու պայմանները։ Հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նկատառումներից ելնելով՝ առաջարկվել է ծառայությունների բարեփոխման երկու տարբերակ։ Առաջինը՝ ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնության տրամադրումը իրականացնել միայն քաղաքացիական հիվանդանոցներում՝ տարածքային տեղակայումից ելնելով և փակել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը։ Նշվում է, որ անհրաժեշտ է մշակել նաև անվտանգության չափանիշներ: Երկրորդը՝ վերազինել «Դատապարտյալների հիվանդանոցը» և այն վերափոխել որոշակի մասնագիտական (այդ թվում՝ հոգեբուժական, նարկոլոգիական, վերականգնողական, խնամքի) հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող հաստատության, իսկ մասնագիտացված բուժօգնության հիմնական մասը  կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցներում: Կարելի է դիտարկել նաև երրորդ տարբերակը՝ օտարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքն ու կից հողամասը և ստացված գումարով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել (կամ վերակառուցել) նոր հիվանդանոց:

Կառավարությունն այսօր ընդունեց այս նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել