Ծնունդդ շնորհավո՛ր Երևան

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն: 

 

«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։

 

Մեր քաղաքն արդեն նախատոնական տրամադրությամբ է աչքի ընկնում: Հաշված ժամեր են մնացել այն պահին, երբ Երևանը հագնվելու է տոնական, կրկին լցվելու է խնդությամբ և հրավառությամբ, տոնական միջոցառումներ են անցկացվելու քաղաքի յուրաքանչյուր անկյունում` յուրաքանչյուրիս քիմքին վայել, փոքրից մեծ բոլորս մասնակցելու ենք այս տոնին և նշելու ենք աշխարհի հնագույն քաղաքներից մեկի` Երևանի հիմնադրման 2794-ամյակը: Համաձայն ՀՀ վարչապետի 21 օգոստոսի 2012 թվականի 801-Ա որոշման` Երևանի հիմնադրման 2794-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները կազմակերպվելու և իրականացվելու են 2012 թվականի հոկտեմբերի 14-ին։

 

«Էրեբունի-Երևան» տոնը, որը երևանիցիներս անվանվում ենք նաև «Երևանի տոն», «Երևանի օր», 1983թ.-ից դարձել է ավանդական (չի նշվել միայն 1991-1998թթ-ին) և դասվում է այն տոների շարքին, որին, կարծում եմ, բոլորս ենք սպասում մեծ ոգևորությամբ` օրացուցային օրերը հաշվելով: Սա այն տոնն է, որը համախմբում է համայն հայությանը, Երևանն իր դռներն է բացում բազմահազար հյուրերի առջև` հանրապետության տարբեր մարզերից, արտերկրից և Երևանի քույր-քաղաքներից հրավիրված պատվիրակություններ (Մոսկվայից ու Ռուսաստանի այլ քաղաքներից, Ղազախստանից, Լատվիայից, Վրաստանից, Իրանից, Մոլդովայից):

 

Տոնակատարություններին ընդառաջ տոնական հանդերձանք են հագնում Երևանի վարչական շրջանները, ինչպես օրինակ Նոր-Նորքի 3-րդ և 4-րդ զանգվածների լանջին արդեն խորհրդանշական տարեթիվն է զարդարվել` բնական քարերի համադրությամբ, մեծ ամենօրյա շաբաթօրյակեր են անցկացվում բոլոր վարչական շրջաններում:

 

Ինչքան ասված և չասված խոսքեր կան մեր սրտերում, նվիրված մեր քաղաքին,  ինչքան գրված և չգրված երգեր կան, որոնք արտահայտում են մեր քաղաքի ուրախությունն ու վիշտը, բայց այն մնում է մեր հին ու նոր Երևանը:

 

Կարծում եմ, այս տարի Երևանը քաղաքային իշխանությունների կողմից ստացել է իր ծննդյան նվերը` ՀՀ Երևան քաղաքի ավագանու 9 դեկտեմբերի 2011թ.-ի N 354-Ն որոշմամբ, որով հաստատվեց Երևան քաղաքի զարգացման 2012 թվականի ծրագիրը: Այն իր մեջ ընդգրկում է տարբեր բնագավառներ, սկսած քաղաքաշինությունից, արտաքին լուսավորումից, եկամուտների հաշվառումից և ներդրումնային ոլորտից, մինչև տուրիզմ, Նուբարաշենի աղբավայր, երիտասարդության հետ տարվող աշխատանքներ:

 

2012 թվականին քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են եղել մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը, բարեկեցիկ ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև  Գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը: Իհարկե, այս տեսանկյունից շատ կարևոր և գեղեցիկ է, որ մեր քաղաքն ամբողջությամբ պատվում է յուրօրինակ ծաղկային ձևավորումներով, համալրվում արվեստի գլուխգործոցներով, բայց ոչ պակաս կարևոր և անհրաժեշտ է նաև քաղաքում կանաչ տարածքների ստեղծումը, որտեղ երևանցիները կարող են իրենց հանգիստը անցկացնել: Մնում է միայն հուսալ, որ Երևանի զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքները, այդ թվում նաև մայրաքաղաքի մեկ բնակչին հասնող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի չափանիշը` 7.5 մ²/մարդ, որը  2-2,2 անգամ պակաս է նորմատիվայինից, լուրջ ուշադրության կարժանանա և կհապատասխանի բոլոր նորմատիվներին:

 

Եվս մեկ անգամ շնորհավոր համայն հայության մայրաքաղաք` Երևանի ծննդյան օրը: 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել