Խցում 12 ծխող մարդ կա, օրը 24 ժամ ծխում են ու ինձ նման կերպ սպանում. դատարանում հայտարարել է կալանավորված անձը

Նախորդ տարվա հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ՊՊԾ գունդ էին մտել բեռնատարով, որի սեփանականտերը Խաչտուր Գիչյանն է:

Նրան մեղադրանք է առաջադրվել, Գիչյանը կալանավորվել է: Նրա փաստաբան Տիգրան Սարգսյանը այսօր միջնորդություն ներկայացրեց խափանման միջոցը վերացնելու համար:

«Գիչյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, բացակայում են դրա իրավական հիմքերը և անհրաժեշտ է րոպե առաջ վերացնել ապօրինի կալանավորումը»,- մեզ հետ զրույցում իր միջնորդությունը հիմնավորեց փաստաբանը:

Փաստաբանի խոսքերով՝ Գիչյանի առողջական վիճակը նիստի ընթացքում կտրուկ վատացել է, շտապօգնություն են կանչել, մեղադրյալը դատարանին հայտնել է, որ իր առողջական վիճակը ծայրահեղ է. «Ասեց, որ խցում 12 ծխող մարդ կա, որ օրը 24 ժամ ծխում են: Իր սիրտը վատ է: Ասեց, որ իրեն նման կերպ սպանում են»,- մեղադրյալի խոսքերը մեջբերեց նրա պաշտպանն ու հայտնեց, որ ինքը կրկին դատարանին պնդել է՝ կալանավորման անհրաժեշտություն չկա, քանի որ նախաքննությունն ավարտվել է, այսինքն՝ Գիչյանը ազատության մեջ մնալով չի կարող խոչընդոտել քննությանը:

Տիգրան Սարգսյանը նաև պարզաբանել է, որ Գիչյանը ունի մշտական բնակության վայր, ընտանիք, նախկինում արատավորված կամ դատապարտված չի եղել, սակայն դատարանը որոշել է միջնորդությունը մերժել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել