ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի քանի քրեական գործերով լայնածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման արդյունքում բացահայտվել են հանրապետության տարբեր ոչ պետական ԲՈՒՀ-երում բարձրագույն կամ մասնագիտական կրթության վերաբերյալ կեղծ հիմքերով ձևակերպված պետական նմուշի ավարտական դիպլոմների տրամադրման դեպքեր:
Առերևույթ հանցանքներ կատարելու համար ոչ պետական ԲՈՒՀ-երի երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել առևտրային կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մաս) և առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս) համար:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ վերը նկարագրված, ինչպես նաև կեղծիքների հետ կապված այլ հանգամանքներում ստացված ավարտական դիպլոմներ կամ ակնհայտ կեղծ այլ փաստաթղթեր օգտագործելը քրեորեն հետապնդելի է և պատժվում է օրենքով։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն