ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ամանորյա շնորհավորանքը Սերժ Սարգսյանին

23 դեկտեմբերի, 2016թ.
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ն. Գ. Սերժ Սարգսյանին

Մեծարգո Նախագահ,
1991թ. դեկտեմբերի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանը` որպես ինքնիշխան ու անկախ պետություն: Լինելով տակավին երիտասարդ դիվանագետ՝ ես Ձեր պետության հռչակման ականատեսը դարձա, ապա պատիվ ունեցա լինել ԱՄՆ պետքարտուղարության առաջին պաշտոնյան, ով զբաղվում էր Հայաստանի հետ կապված հարցերով: Այսօր, երբ անցել է քսանհինգ տարի, ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը և աշխատել Ձեզ հետ, Հայաստանի կառավարության ու Հայաստանի ժողովրդի հետ՝ առավել խորացնելու մեր երկկողմ հարաբերութունները:

Առաջիկա տարվա ընթացքում մենք կտոնենք մեր 25-ամյա երկկողմ հարաբերությունները նշանավորող երեք կարևոր իրադարձություն. 1992թ. փետրվարի 3-ին Երևանում ԱՄՆ առաջին դիվանագիտական ներկայացուցչության բացումը «Հրազդան» հյուրանոցի տարածքում. 1992թ. հունիսին Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հիմնումը. 1992թ. սեպտեմբերին Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատանքների մեկնարկը: Կառավարության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության մեր հայաստանյան գործընկերների հետ միասին Միացյալ Նահանգների կառավարությունն աշխատել է Հայաստանի առևտրատնտեսական ներուժի ամրապնդման ուղղությամբ, օժանդակել է Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին, որպեսզի Հայաստանը շարունակի կայացումը որպես անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական երկիր, որին արժանի է Հայաստանի ժողովուրդը: Հպարտ ենք, որ, մեր հիմնական հայ գործընկերների հետ աշխատելով, կարողացել ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի գյուղատնտեսության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ-ներում, իրականացնել մարդասիրական օժանդակության ու զարգացման տարաբնույթ ծրագրեր, Միացյալ Նահանգներում կրթական ու ճանաչողական ծրագրերի մասնակցելու հնարավորություն ապահովել ավելի քան 4000 ՀՀ քաղաքացու համար, հովանավորել Հայաստանի խաղաղապահ բրիգադի ձևավորումը և վերջինիս տեղակայումները ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների կազմում, ապահովել անգլերենի ուսուցման դասընթացներ հայ երիտասարդների համար ամբողջ երկրում և օգնել Հայաստանի էներգետիկ անվտանգության ու դիվերսիֆիկացման հարցում: Մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև կապերն ամուր են ու անսասան:

Թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ, պարոն Նախագահ, Հայաստանի կառավարությանը և Հայաստանի ժողովրդին վերջին 25 տարիների գործընկերության ու բարեկամության համար: Միացյալ Նահանգները մեծապես կարևորում է մեր երկկողմ հարաբերությունները: Վստահ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններին սպասում է պայծառ ու խոստումնալի ապագա: Նաև ընդունեք անձամբ իմ ամանորյա բարեմաղթանքները Ձեզ և Ձեր ընտանիքին: Թող 2017թ. խաղաղություն ու բարեկեցություն պարգևի Հայաստանի, Միացյալ Նահանգների ու աշխարհի բոլոր մարդկանց:

Հարգանքով՝
Ռիչարդ Միլս
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել