Վարորդը տուգանվել էր վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար, սակայն հաղթեց գործը դատարանում

Փաստաբան Արտակ Գարոյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելով ՃՈ տուգանքի որոշումը:

Գործը քննվել է դատավոր Արման Դիլանյանի նախագահությամբ:

Հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ պատասխանողը պետք է ներկայացներ իր կողմից մեքենան արգելված վայրում կանգառելու փաստի մասին պատշաճ ապացույցներ։ Ըստ փաստաբանի՝ ակտում զետեղված լուսանկարը, ինչպես նաև հայցադիմումին կից ներկայացված տեսանյութը պետք է պարունակեին հստակ ապացույցներ այն մասին, որ հայցվորին պատկանող տրանսպորտային միջոցը կանգառելու պահին երևում են կանգառելը արգելող նշաններ կամ դրանց մասին այլ ապացույցներ: Մեքենան կանգառելու արգելքի վերաբերյալ սահմանված կարգով ապացույցներ չներկայացնելու հանգամանքը վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու, այն է վարչական տույժ նշանակելու համար հիմք հանդիսանալ չի կարող։

Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, սակայն դատական նիստին ներկայացրել է իր առարկությունները՝ նշելով, որ այն հատվածը, ուր հայցվորը կայանել է իր տրանսպորտային միջոցը, հանդիսանում է խաչմերուկ, քանի որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է խաչմերուկ հասկացությունը, այն է՝ միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Տվյալ դեպքում, ըստ պատասխանողի, հայցվորի պատկանող տրանսպորտային միջոցը կայանված է եղել միևնույն հարթության վրա գտնվող ճանապարհների հատման, միացման կամ անջատման արդյունքում առաջացած երթևեկելի մասում: Այդ տարածքի մուտքերի բոլոր հատվածներում առկա են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, որոնք վարորդներին հուշում են, որ նրանք մուտք են գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ: Այդ նշանների առկայությամբ ևս մեկ անգամ հաստատվում է, որ այդ տարածքը հանդիսանում է խաչմերուկ, հակառակ հայցվորի այն պնդմանը, որ այն իրենից ներկայացնում է հրապարակ:

Լսելով հայցվորի և պատասխանողի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով և գնահատելով ներկայացված ապացույցները` դատարանը եկավ այն եզրակացության, որ հայցը ենթակա է բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ կետի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ըստ դատավորի՝ գործի քննության համար էական նշանակություն է ստանում խաչմերուկ եզրույթի բնորոշման բացահայտումը, այն առումով, որ վիճարկման ակտի կազմման համար իրավական հիմք հանդիսացած օրենքի դրույթի փաստակազմը ենթադրում է պատասխանատվություն հենց խաչմերուկի վրա կանգառ կատարելու համար:

Վերոնշյալից բացի, դատաքննության ընթացքում ՃՈ ներկայացուցիչն հաստատեց հայցվորի այն տեղեկությունը, ըստ որի խախտման ժամանակ այն նույն վայրում որտեղ ժամանակին հայցվորի մեքենան կայանելու համար կազմվել է վիճարկվող վարչական ակտը՝ վճարովի ավտոկայանատեղի է:

Դատարանը փաստել է, որ Երևանի տարածքում հենց քաղաքապետն է կազմակերպում ճանապարհային երթևեկության կարգավորումը, այդ թվում նաև՝ ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով, իսկ ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացվում է համայնքի ավագանու որոշման հիման վրա: Ավտոկայանատեղերի տեղաբաշխումը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:

Դատարանը վճռել է հայցը բավարարել և վերացնել ՃՈ տուգանքի որոշումը:

Վճիռը բողոքարկվել է, սակայն վերաքննիչ ատյանն այն թողել է անփոփոխ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել