Նոր փոփոխություններ կլինեն փաստաբանական համայնքի համար

Գործադիրը նախաձեռնել է փաստաբանության համակարգի հերթական բարեփոխումները: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ներկայացրեց նոր օրենսդրական նախագիծը:

Ըստ նախագծի՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածը չի ընդգրկում բոլոր այն կարգավորման առարկաները, որոնք ամրագրված են գործող Օրենքով: Հետևաբար` առաջարկվում է վերախմբագրել նշված հոդվածն այնպես, որ բացառվեն կրկնությունները և ընդգրկվեն օրենքով կարգավորվող բոլոր առարկաները:

Օրենքի 2-րդ հոդվածում ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը՝ որպես փաստաբանության օրենսդրության աղբյուր մատնանշված չէ, մինչդեռ այն պարունակում է մի շարք դրույթներ, որոնք անմիջականորեն վերաբերվում են փաստաբանությանը (դատարանի ներգործության միջոցների, ներկայացուցչության, ապացույցների ձեռքբերման վերաբերյալ փաստաբանի կարգավիճակի հետ կապված առանձնահատկությունները): Ուստի առաջարկվում է 2-րդ հոդվածում ավելացնել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը:

Հաշվի առնելով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծով նախատեսվում է դատական ներկայացուցչությունը ոչ փաստաբանի կողմից կարող է կատարվել մերձավոր ազգականին (ազգականներին), կանոնադրական կապիտալի քսան և ավելի տոկոս բաժնետոմս կամ բաժնեմաս ունեցող անձի կողմից  վճարովի կամ անվճար հիմունքներով իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելիս, համապատասխան կարգավորումները լրացվել են նաև սույն նախագծում:

Օրենքը չի նախատեսում փաստաբանների, փաստաբանների պալատի, փաստաբանական դպրոցի կամ փաստաբանական գրասենյակների կողմից այդ բառի օգտագործման ընթացակարգերը, ինչը հաճախ, օրինակ, փաստաբանների կողմից չարաշահվում է: Նախագծով առաջարկվում է Պալատի խորհրդին վերապահել փաստաբանների պալատի անվանումը և  խորհրդանիշն օգտագործելու կարգը սահմանելու իրավասություն:

Օրենքով փաստաբանների պալատի խորհուրդը պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է: Հաշվի առնելով խորհրդին վերապահված լիազորություններն անհրաժեշտ է, որ փաստաբանների պալատի գործադիր և կարգապահական գործերը քննող մարմնի կազմում ընդգրկվեն առնվազն որոշակի փաստաբանական ստաժ ունեցող փաստաբաններ: Ուստի նախագծով փաստաբանների պալատի խորհրդի անդամ համար սահմանվում է մասնագիտական գործունեության ցենզ: Ստաժի հետ կապված կարգավորումներ կան, ինչպես պալատի նախագահի, այնպես էլ ՀՊԳ ղեկավարի հարցում, ինչն իրավաչափ է։ Մասնավորապես, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 43-րդ հոդվածների ուժով Պալատի նախագահի և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի համար նախատեսված է առնվազն 10 տարվա փաստաբանական ստաժ: Ուստիև նախագծով Պալատի խորհրդի անդամի համար ևս նախատեսվել է որոշակի փաստաբանական ստաժ ունենալու պարտադիր պայման:

Հաշվի առնելով Պալատի խորհրդի գերծանրաբեռնված աշխատանքը, որը հիմնականում պայմանավորված է փաստաբանների թվի ավելացմանը զուգահեռ կարգապահական գործերի թվի և օրակարգային այլ հարցերի ավելացմամբ՝ նախագծով նախատեսվում է Խորհրդին վերապահված մի շարք հարցերի քննարկումն իրականացնել ոչ միայն նիստերի, այլ հեռակա հարցման միջոցով: Սակայն հաշվի առնելով որոշակի հարցերի կարևորությունը, առանձին հարցեր չեն կարող այնուամենայնիվ նիստերի միջոցով պետք է քննարկվեն:

Օրենքով նախատեսված չէ Պալատի խորհրդի որոշման դատական բողոքարկման հնարավորություն (բացառությամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումների), նախագծով այդ բացը շտկվում է՝ համապատասխան լրացում կատարելով:

Օրենքով որակավորման հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Պալատի նախագահն է: Հնարավոր շահերի բախումից խուսափելու նպատակով նախագծով առաջարկվում է, որ որակավորման հանձնաժողովի նախագահն ընտրվի հանձնաժողովի կազմից, իսկ Պալատի նախագահն առհասարակ մասնակցություն չունենա այդ հանձնաժողովի աշխատանքներին: Բացի այդ, նախագծով նախատեսվում է որակավորման հանձնաժողովի որոշումների բողոքարկման ընթացակարգ, այդ թվում՝ դատական կարգով, ինչը գործող օրենքով նախատեսված չէ:

Նախատեսվում են նաև այլ փոփոխություններ: Գործադիրը հաստատեց այս նախագիծը:

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել