Վարչապետի հետ հանդիպմանը տնտեսվարողները որպես խնդիր առանձնացրել են բեռնափոխադրումների հետ կապված հարցը

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետության 10 խոշոր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ լսել ներկրողների գործունեությանն առնչվող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա գործունեության համար:

Տնտեսվարողները, մասնավորապես նշել են, որ վերջին ժամանակաշրջանում փաստաթղթաշրջանառությանը, այդ թվում՝ մաքսային ձևակերպումներին առնչվող հարցերին տրվում են օպերատիվ լուծումներ: Որպես խնդիր նրանք առանձնացրել են բեռնափոխադրումների հետ կապված հարցը, որը պայմանավորված է անբարենպաստ եղանակի հետևանքով Վերին Լարսում ստեղծվող իրավիճակով:

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ կառավարությունը ներկայում քայլեր է ձեռնարկում նոր տրանսպորտային սխեմաներ մշակելու և Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքային տարբերակներ գտնելու ու տնտեսվարողներին առաջարկելու ուղղությամբ, որոնք թույլ կտան ինչպես ներկրումն, այնպես էլ արտահանումը կազմակերպել ավելի նպաստավոր պայմաններում և կանխատեսելի ժամանակահատվածում:

Հանդիպմանը քննարկվել են նաև խոշոր ներկրող կազմակերպությունների գործունեությանը վերաբերող այլ հարցեր, այդ թվում՝ ներկրվող որոշ ապրանքատեսակների արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել