Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 13 վարչական արձանագրություն: Հաշվի առնելով Ամանորին ընդառաջ բացօթյա առևտրի հնարավոր փորձերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները և տոնական օրերի համար սահմանել հերթապահության ժամանակացույց:
Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը հայտնաբերելու և կանխարգելելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 28 վարչական արձանագրություն: Հաշվի առնելով, որ տոնական օրերին աղբի ծավալները զգալիորեն ավելանում են, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է վերահսկել տոնական օրերին «Սանիթեք» ընկերության կողմից աղբահանության պատշաճ իրականացումը: