Արտեմ Ասատրյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում ներկայացրել է երեք օրինագիծ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ արտահերթ նստաշրջանում  դեկտեմբերի 15-ին ներկայացրել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Հայտնում են նախարարությունից։

Նախագծի նպատակն է բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, լուծումներ տալ իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին: Նախագծով սահմանվում է, որ սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը ՔԿԱԳ մարմիններից կարող է ստանալ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ: Հստակեցվում են օտարերկրյա քաղաքացիների միանվագ նպաստի և չաշխատող անձին մայրության նպաստի իրավունք տվող պայմանները, պատասխանաատվության նորմերը՝ ըստ նպաստների առանձին տեսակաների, նաև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, խնամքի նպաստը վճարելը վերսկսելու պայմաններն ու կարգը: Դեկտեմբերի 16-ին օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Դեկտեմբերի 15-ին  քննարկվել է  նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ նախագծի նպատակը իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: Նախագծով մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ ավելի վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել նաև կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման աշխատակցի կամ այլ անձի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման և կենսաթոշակառուի միջև փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա: Նախարարը նշել է, որ հետ կգանձվեն այն գումարները, որոնք սխալմամբ կենսաթոշակառուին են վճարվել սխալը հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում: Նախագծով առաջարկվում է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ավելի վճարված կենսաթոշակների գումարների մասով առաջացած պարտավորությունները զիջել բացառությամբ այն դեպքերի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ կենսաթոշակի գումարը վճարվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով: Նախագծով առաջարկվում է կանոնակարգել նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձի, հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի կենսաթոշակի իրավունքի իրացման կարգը: Այս օրենքի  նախագիծը ևս  դեկտեմբերի  16-ին ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ  նախագծի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին, միջազգային պայմանագրերին համապատասխան քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակության կյանքում նրանց հավասար մասնակցության և արդյունավետ սոցիալական ներառման ապահովումն է: Օրենքի նախագիծը քննարկվել է ՄԻՊ-ի, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Օրենքի նախագիծն ընդունվել է  առաջին ընթերցմամբ:

Եզրափակիչ ելույթում նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձել է պատգամավորների կողմից օրինագծերի վերաբերյալ հնչած մտահոգություններին ու առաջարկներին:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել