Ոստիկանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Մ. Տ.-ն հաղորդում է տվել ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ.Տ.-ն բացատրություն է տվել, որ Հանրապետության փողոցում գտնվող  «Կովկաս պանդոկ»  ռեստորանի մոտից իրեն բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով երկու անգամ հարվածել է իր դեմքի շրջանին:

Հաշվի առնելով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ի հայտ են եկել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել  է  ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել