Հայտնի է դատավորի կաշառք վերցնլու գործով առաջին դատական նիստի օրը

Կաշառք ստանալու համար մեղադրվող  դատավոր Իշխան Բարսեղյանի և կաշառքի միջնորդության համար մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի գործով առաջին դատական նիստի նշանակված է սեկտեմբերի 15-ին: Գործը քննվելու է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Մարդանյանի:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Իշխան Արամայիսի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Իսկ Էլզա Գարեգինի Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:

Իշխան Բարսեղյանի շահերը դատարանում կպաշտպանեն նախկին դատավոր, ներկայումս փաստաբան Վլադիմիր Գրիգորյանը, Վարդուհի Էլբակյանը և Լիաննա Գրիգորյանը: Իսկ փաստաբան Էլզա Զաքարյանին կպաշտպանի փաստաբան Գևորգ Շիրինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել