ՃՈ-ն պարզաբանում է տարածել

Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Է. Շատվորյանը «Ժողովուրդ» օրաթերթի 06.12.2016 թվականի թիվ 215 համարում հրապարակել է «ՃՈ տեսուչները տուգանելու մոլուցք ունեն» հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարել Ճանապարհային ոստիկանության վարչական ակտը գանգատարկելու գործընթացին, դժգոհություն հայտնել լիազորությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ չունենալու պատճառով իրեն գանգատի քննության արդյունքում ընդունված որոշումը չհանձնելու փաստից:

ՈՒսումնասիրման արդյունքում պարզվել է, որ Ճանապարհային ոստիկանության 29.08.2016 թվականի թիվ 1604979655 որոշումը հասցեատիրոջ՝ Ն.Շ-ի կողմից 13.09.2016 թվականին վերադասության կարգով գանգատարկվել է: Գանգատի քննության արդյունքում պարզվել է, որ որոշումը տեխնիկական վրիպակի արդյունք է և Ճանապարհային ոստիկանության 30.09.2016 թվականի թիվ Շ-447 որոշմամբ այն բեկանվել է: Ընդունված որոշումը սահմանված կարգով փոստային ծառայության կողմից առաքվել է հասցեատիրոջը:

Հոդվածի հեղինակի կողմից գանգատարկման ընթացակարգի նկարագրությունը հիմք է տալիս փաստելու, որ քաղաքացուն ընդունելու, խնդիրը պարզաբանելու և համապատասխան լուծում տալու գործում Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից պահպանվել են օրինականության և էթիկայի նորմերը, միջոցներ ձեռնարկվել հնարավորինս օպերատիվ կերպով շտկել վրիպակը: Վարչական ակտը համապատասխան լիազորությունը հաստատող փաստաթուղթ չունեցող անձին չհանձնելը նույնպես բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից, հետևաբար օրինական է: Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողի «չոր» պատասխանին, ապա, ամենայն հավանականությամբ պատասխանի նման ընկալման արդյունք է հանդիսացել ներկայացված պահանջի մերժումը:

Ընդունելով Ճանապարհային ոստիկանության 29.08.2016 թվականի թիվ 1604979655 որոշման ոչ իրավաչափ լինելու փաստը, հարկ է նշել, որ այդպիսիք կրում են եզակի բնույթ, մեծամասամբ կապված են տեխնիկական թերությունների հետ, ուստի դրանց մեծ քանակության մասին հոդվածագրի դիտարկումը, ոստիկանության ծառայողներին տրված որակումներն անհիմն են և անընդունելի: Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում Ճանապարհային ոստիկանությունը պատշաճ կերպով իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունները, սեփական նախաձեռնությամբ կամ քաղաքացիների օգնությամբ հայտնաբերում այդ գործում առկա որոշակի թերությունները և հրատապ միջոցներ ձեռնարկում դրանք շտկելու ուղղությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել