Կարեն Կարապետյան. «Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք, եթե Արփինե Հովհաննիսյանի և Հրայր Թովմասյանի դեբատը չլիներ»

Այսօր կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին որոշումը: Զեկույցը բավականին երկար տևեց, նախարարը մանրակրկիտ ձևով ներկայացրեց նախագծային դրույթները: Ավարտից հետո առարկություն ուներ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, նա խնդիր էր տեսնում՝ կապված ԱԺ մշտական հանձնաժաղովի լիազորությունների հետ: Արդարադատության նախկին նախարարը մի քանի րոպե ներկայացրեց իր առարկությունը՝ հիմնավորելով այն Սահմանադրության փոփոխությամբ, այնուհետև խոսեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ի վերջո արձագանքեց. «Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք և՛ կարճ հայտարարությունների, և զեկույցների մասով, իհարկե, եթե Արփինե Հովհաննիսյանի և Հրայր Թովմասյանի դեբատը չլիներ: Պարոն Թովմասյան Դուք ուզո՞ւմ եք մասնագիտական դեբատը բերել այս դաշտ, առանձին բաներ կա՞ն ասելու, առանձին նստեք, քննարկեք, առանց այդ էլ սա ամենաերկար զեկույցն էր իմ երբևէ ղեկավարած նիստում»,- կատակելով ասաց վարչապետը:

Այս նկատողությունից հետո Արփինե Հովհաննիսյանը հաջորդ զեկույցը ներկայացնելիս, ասաց, որ թեև հարցը կարևոր է և ծավալուն, սակայն հնարավորինս հակիրճ կլինի, երբ նախարարն ավարտեց զեկույցի ներկայացումը, վարչապետը միանգամից դիմեց Հրայր Թովմասյանին. «Առարկություննե՞ր, պարոն Թովմասյան»,- ժպտալով ասաց նա ու տեսնելով, որ առարկություններ չկան փակեց նիստը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել