ԴԱՀԿԾ-ը պարզաբանում է գնդապետի լիազորությունները դադարեցնելու հարցը

 

Հարկադիր կատարման ծառայությունը երեկ նոյեմբերի 18-ին հաղորդագրություն էր տարածել գնդապետ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու մասին։

Այնուհետև Գագիկ Հարությունյանը ֆեյսբուքյան տարբեր էջերում հրապարկեց ՀՀ նախագահին, վարչապետին և արդարադատության նախարարին ուղղված իր զեկուցագիրը, որում ասվում էր․

«14.11.2016թ. 09։05 սահմաններում Անձնակազմի կառավարման բաժնի պետ արդարադատության գնդապետ Լ. Սիմոնյանին անձամբ հանձնել եմ զեկուցագիրս աշխատանքից ազատվելու վերաբերյալ, վկայականս և անցագրային քարտս։ Ծառայողական մեքենան, 2 բանալիները և տեխանձնագիրը անձամբ հանձնել եմ Տնտեսական բաժնի պետ արդարադատության մայոր Ա. Սաֆարյանին։

Իմ կողմից կայացված որոշման վրա իր խորը ազդեցությունն է թողել ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Հարությունյանի կողմից հրապարակավ Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատարին ակնհայտ սուտ զեկույցը առ այն, որ պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿբոտը դեռ գտնվում է թեստային փուլում, այինինչ այն շահագործման է հանձնվել դեռևս 2015 թվականի դեկտեմբերից։

Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաև Արդարադատության նախարարին Ձեր կողմից տրված հանձնարարականները չկատարելու սուտ պատճառաբանություններով, մասնավորապես 20,000,000 դրամ և 3,000,000 դրամ անհրաժեշտ լինելու մասին։ Այինչ իմ կողմից բազմիցս զեկուցվել է, որ ՍՄՍ-ով ծանուցումների մեխանիզմ մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը մաքսիմում 10 օր և ոչ մի լումա։

Ա. Հարությունյանի վերաբերմունքը Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, ավելի ճիշտ այդ վերաբերմունքի իսպառ բացակայությունը դրսևորվել է բազմիցս, օրինակ, երբ խափանվել էր Անձնակազմի կառավարման բաժնի կողմից շահագործվող մոդուլի սերվեր համակարգչի հիշողությունը, զեկուցեցի այդ մասին Ա. Հարությունյանին, իսկ նա որոշոց, որ «առանց դրա էլ կինի»։

Ա. Հարությունյանի կառավարման ողջ ընթացքում որևէ նոր բան տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման տեսանկյունից ծառայությունում չի իրագործվել։ Բազմիցս առաջարկել եմ, որ անհրաժեշտ է իրագործել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն հարցումները էլեկտրոնային եղանակով իրականացնելու մեխանիզմը, որը իր անմիջական ազդեցությունը ունի կատարողական վարույթների ժամկետների պահպանման վրա։

12.11.2016թ. Ա. Հարությունյանի աշխատասենյակում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեցի, որ չի կարելի անընդհատ ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով չիրագործել երկրի Գլխավոր Գերագույն հրամանատարի և Վարչապետի հրամանը։ Չի կարելի Տելեգրամի ԴԱՀԿբոտը ներկայացնել որպես հանձնարարականների կատարում, չի կարելի ստել, չի կարելի խաբել բոլորին։ Երկուշաբթի 14.11.2016թ. ներկայացրել եմ ազատմանս զեկուցագիրը, քանի որ չեմ կարող ծառայել ստախոսի ենթակայության տակ։

Հարգելի պարոն Նախագահ, Ինքս լինելով Պաշտպանության նախարարության գնդապետի որդի, կրելով գնդապետի ուսադիրներ, առաջնորդվելով սպայի պատվի և արժանապատվության սկզբունքով, քաջ գիտակցելով հայրենիքիս գլխին կախված վտանգը, խնդրում եմ անհետևանք չթողնել վերոգրյալը, քանի որ հայրենիքիս Գերագույն Գլխավոր հրամանատարին ակնհայտ սուտ զեկուցողը, իր անմիջական ղեկավարին Արդարադատության նախարարին ակնհայտ սուտ տեղեկություն գրավոր տվողը և Ձեր հրամանը չկատարողը չի կարող ղեկավարել սպայական անձնակազմ, չի կարող հանդիսանալ Հարկադիր կատարման ծառայության ղեկավար և ստել բոլորին»։

Այսօր քիչ առաջ ԴԱՀԿ ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է Գագիկ Հարությունյանի տարածած տեղեկությունները․

«ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ:

Վերջինիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն: Ծառայողական քննություն նշանակելու հրամանի առիթ է հանդիսացել Գ. Հարությունյանի՝ հինգ աշխատանքային օր աշխատանքի չներկայանալու փաստը:

Ինչ վերաբերում է ծառայողական քննությունով անցնող սուբյեկտի՝ ս/թ նոյեմբերի 18-ի ֆեյսբուքյանգրառմանը, ապա դրա հետ կապված՝ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.

Հարկադիր կատարման ծառայությունը հաստատում է, որ ՀՀ Նախագահի մոտ 02.11.2016թ. տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ներկայացրել է Ծառայության նախաձեռնությամբ մշակված՝ թեստավորման փուլում գտնվող ավտոմատացված ծրագիրը, որը գործում է Telegram messenger հեռահաղորդակցման համակարգի հենքի վրա։

Ծառայությունը հայտնում է, որ  ծրագիրը պաշտոնապես դեռևս չի հանձնվել շահագործման: Ավելին, դրանում վերջին շտկումները կատարվել են նախորդ շաբաթվա ընթացքում:

Ինչ վերաբերում էպարտապաններին՝ վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ գործիքակազմի և մեխանիզմների ներդրման վերաբերյալ ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների կատարմանը, ապա Ծառայության կողմից ՀՀ արդարադատության նախարարին ուղարկվել են պաշտոնական գրություններ այն մասին, որ SMS հաղորդագրությունների միջոցով պարտապաններին արգելանքի մասին ծանուցելու համար էլեկտրոնային ծրագրի մշակման և ներդրման նպատակով ծրագրային փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ է բարելավել Ծառայության էլեկտրոնային համակարգի ապահովման շտեմարանի սերվերի ֆիզիկական հիշողության ծավալը, որի համար անհրաժեշտ է մոտ 20,0 մլն ՀՀ դրամ, և ևս 3,0 մլն ՀՀ դրամ՝ ծրագրավորողի կողմից ինտեգրացված տարբերակով ծրագրային ապահովման մշակման համար: Այդ աշխատանքների համար անհրաժեշտ է մեկ ամիս ժամկետ:

Հիշյալ գրությունների ուղարկմանը նախորդել են մասնագիտական քննարկումներ և բանակցություններ, որոնց արդյունքում ձևավորվել է համապատասխան տեխնիկական առաջադրանքը, և այն հիմնավորվել է պաշտոնական գրություններում:

Ի դեպ, Հարկադիր կատարման ծառայությունը հայտնում է նաև, որ այդ քննարկումներում և բանակցություններում ի պաշտոնե իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև Գ. Հարությունյանը, որը Ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ հիշյալ թեմայով պարբերաբար անցկացվող քննարկումների ընթացքում մշտապես պաշտպանել է պաշտոնական գրություններում ներկայացված դիրքորոշումը»։

Իրավաբան․net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել