Ովքե՞ր կազատվեն 1000 դրամ պարտադիր վճարից. մանրամասնում է նախարարը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ այն ընտանիքները, ովքեր ունեն զինծառայողներ բանակում պետք է չվճարեն 1000 դրամ պարտադիր վճարը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց նախարարը:

Նա նաև կարծում է, որ այս պարտադիր վճարից պետք է ազատվեն նաև այն ընտանիքները, որոնք ունեն հաշմանդամ կամ զոհված. «Դա հասկանալի է, բարոյական ու տրամաբանական, մենք բաց ենք նման քննարկման համար»,- նշեց պարոն Սարգսյանը:

Նա նաև վստահեցրեց, որ կարևորում է երկխոսությունը բոլոր շերտերի միջև, անդրադառնալով քննադատություններին, նշեց. «Սկզբունքորեն մեծ խնդիր եմ տեսնում դրա մեջ, որովհետև այս օրենքի քննարկումը այն չէ, որ պետք է ցանկացած կարծիք ունեցող մեկը փորձի պիտակավորել ու մեղադրել մյուսին: Առաջարկելով այս օրենքի նախագիծը՝ չէի կարող ունենալ որևէ շահադիտական, այսպես ասեմ՝ միավորներ հավաքելու նպատակ: Այս օրենքով վճար կատարողը յուրաքանչյուրս ենք, ես չեմ փնտրել սրա մեջ որևէ քաղաքական դիվիդետներ»,- նշեց գերատեսչության ղեկավարը:

Նախարարը խոստովանում է, որ հանրային քննարկումների պրիզմայով այս նախագիծը չի անցել, ուստի շեշտում է, որ մինչև դրա ընդունումը ակտիվ պետք է քննարկումներ իրականացնել շահագրգիռ կողմերի ու պատգամավորների հետ:

Վիգեն Սարգսյանը ցանկանում էր շարունակել խոսքը, սակայն հնչեց ԱԺ-ի համապատասխան ազդանշանը՝ ելույթի ավարտի վերաբերյալ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը պարզաբանեց, որ ընդմիջում է սկսվում, իսկ նախարարը կատակեց. «Պատերազմը՝ պատերազմ, իսկ ճաշը միշտ ճիշտ ժամին, հա՞»:

Քննարկումը կշարունակվի ընդմիջումից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել