Նոյեմբերի 12-ին Արդարադատության ակադեմիայի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև կնքվեց համագործակցության մասին փոխըմբռնման համաձայնագիր, որը ստորագրեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:
Համաձայնագիրն ամրագրեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցելու ցանկությունը: Մասնավորապես՝ փաստաթղթի նպատակն է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական պատրաստվածության կատարելագործումը:
Համագործակցությունը ենթադրում է ակադեմիայի ուսումնական ծրագրերում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային-իրավական փաստաթղթերի և ներպետական օրենսդրության վերաբերյալ դասընթացների առարկայական ծրագրերի կազմում, համապատասխան նյութերի մշակում:
Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է նաև մշակել և կազմակերպել հեռաուսուցման դասընթացներ, իրականացնել հետազոտություններ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: